Սիրտս խառնում է քեզանից. Նոր Զելանդիայում X Factor-ի ժյուրիի անդամները հեռացվել են՝ մասնակցին վիրավորելու համար (տեսանյութ)
X Factor նախագծի նորզելանդական տարբերակի ժյուրիի 2 անդամները հեռացվել են՝ մրցույթի մասնակցին ուղիղ եթերում «ճնշելու» համար, գրում է The Independent-ը:
TV3 ցանցի սեփականատեր MediaWorks-ը հեռացրել է Նատալյա Քիլս- Վիլի Մուն ամուսնական զույգին, երբ նրանք սկսել են բանավոր վիրավորանքներ հնչեցնել մասնակցի հասցեին:
25-ամյա Ջո Իրվինը հարձակման է ենթարկվել Քիլսի կողմից իբր իր ամուսնու ոճը «ոտքից գլուխ» ընդօրինակելու համար: «Դուք ընդհանրապես գնահատո՞ւմ եք կամ հարգո՞ւմ եք օրիգինալությունը»,- ասել է նա՝ մասնակցին անվանելով «տհաճ», «զզվելի» ու «գարշելի»:
«Դու ծաղրի առարկա ես»,- ասել է Քիլսն Իրվինի կողմից «Cry me a River» երգի կատարումից հետո: «Ես դա գեղարվեստորեն գարշելի եմ համարում: Ես ամաչում եմ, որ այստեղ եմ նստած քո ներկայությամբ և քեզ անգամ իմ կարծիքի վերաբերյալ պատասխանի եմ արժանացնում: Սիրտս խառնում է քեզանից: Դու ինքնություն չունես»,- ասել է նա:
Չնայած Իրվինի հանգիստ արձագանքին՝ Քիլսին շարունակել է նրա ամուսինը՝ Մունը, իր հերթին վիրավորական խոսքեր հնչեցնելով:
MediaWorks-ը հաստատել է, որ զույգն այլևս չի լինի ժյուրիի կազմում: «Քիլսը և Մունը խոսքեր են ասել, որոնք բացարձակապես անընդունելի են»,- ասել է խոսնակը հայտարարության մեջ:
«X Factor-ի ժյուրիից ակնկալվում է, որ նրանք քննադատությամբ հանդես գան ելույթների վերաբերյալ, և մենք չենք հանդուրժի որևէ անդամի կողմից նման ապակառուցողական խոսքեր»,- հավելել է նա:










