Բրազիլիայի ընդդիմությունը պահանջում է կոռուպցիայի մասին գործում ներգրավել երկրի նախագահին
Բրազիլիայի միանգամից չորս ընդդիմադիր կուսակցություն հայտարարել է Petrobras էներգետիկ ընկերությունում կոռուպցիոն սկանդալի մասին գործում երկրի գործող նախագահ Դիլմա Ռուսեֆին ներգրավելու պահանջով Գերագույն դատարան դիմելու մտադրության մասին, գրում է ria.ru-ն:
Անցած տարի հայտնի է դարձել, որ մի քանի պաշտոնյա Petrobras ընկերության անունից պայմանագրեր են ստորագրել և դրա համար ստացել պայմանագրի գումարից 3 տոկոսի չափով միջնորդավճար: Այդ գումարներն այնուհետև օգտագործվել են քաղաքական գործիչներին և պաշտոնյաներին կաշառելու համար: Իշխանությունների տվյալներով՝ գների բարձրացումը և կաշառքներն այդ գաղափարի հեղինակներին բերել են մոտ 10 միլիարդ ռեալ (մոտ 3,8 միլիարդ դոլար):
Գլխավոր դատախազ Ռոդրիգու Ժանոտն օրերս հայտարարել էր, որ նա չունի լիազորություն հետաքննություն սկսելու երկրի նախագահի դեմ, իսկ դա նշանակում է, որ կոռուպցիոն սկանդալին բրազիլացի քաղաքական գործիչների ներգրավվածության հետաքննությունը չի անդրադառնա Ռուսեֆին՝ չնայած նրան, որ նախագահի անունը եղել է Գերագույն դատարան ուղարկված ցանկերում:










