Շվեյցարիան Նիգերիային կվերադարձնի 380 մլն դոլար՝ նախկին նախագահի հաշիվներից
Շվեյցարիան Նիգերիային կվերադարձնի 380 մլն դոլար, որոնք առգրավվել են երկրի նախկին նախագահ Սանի Աբաչայի ընտանիքից, գրում է Интерфакс-ը։
Ինչպես հայտնել է Ժնևի դատախազությունը, այդ գումարը կվերադարձվի Համաշխարհային բանկի հսկողության ներքո։ Ընդ որում՝ եթե նման մոնիթորինգն արդյունավետ չլինի, միջոցները կմնան ժնևյան արդարադատության ձեռքում։
Նախորդ տարվա հոկտեմբերին Ժնևի դատախազությունն առգրավել էր 380 մլն դոլար տարբեր ընկերություններից, որոնք վերահսկվում էին Աբաչայի ընտանիքի կողմից և որը համարվում է հանցավոր կազմակերպություն, ասվում է դատախազության հաղորդագրությունում։ 2006-ին այդ միջոցների վրա կալանք էր դրվել Լյուքսեմբուրգում՝ Ժնևի հայցի հիման վրա։
Աբաչայի մահից հետո 1998-ին Նիգերիան դիմել էր շվեյցարական իշխանություններին՝ խնդրելով վերադարձնել ավելի քան 2 մլրդ դոլար, որոնք գողացվել էին նրա՝ իշխանությունում գտնվելու տարիներին և գտնվում էին նրա ընտանիքի անդամների բանկային հաշիվներում։
Նախորդ տարի Շվեյցարիան վերադարձրել էր 700 մլն դոլար՝ Նիգերիայի կառավարության հետ համաձայնության հասնելուց հետո։










