ՌԴ-ն $5 մլն աջակցություն կտրամադրի Տավուշի մարզի 45 սահմանամերձ համայնքներին
Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ֆինանսավորվող «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. Համայնքների դիմակայության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում առաջիկա հինգ տարիների ընթացքում Տավուշի մարզի 45 սահմանամերձ համայնքների 62 հազար բնակիչներ հնարավորություն կունենան մշակելու իրենց համայնքային ծրագրերը։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի կողմից` ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Ծրագրի բյուջեն կազմում է 5 միլիոն ԱՄՆ դոլար։
Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինն այսօր ստորագրեցրին ծրագրի մեկնարկի փաստաթղթերը:
ՄԱԿ մշտական համակարգող ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն ասաց, որ արդեն ավելի քան երկու տարի է, ինչ ՄԱԶԾ-ն համագործակցում է Հայաստանի կառավարության հետ:
«ՄԱԶԾ-ն փորձում է Հայաստանի հեռավոր համայնքների համար ապահովել ոչ թե կարճաժամկետ, իրավիճակային օգնություն, այլ աջակցություն ցուցաբերել՝ ուղղված կայուն զարգացմանը»,-ասաց նա և նշեց, որ իրենք պահպանում են չեզոքություն, ճկունություն, նորարար մոտեցում:
Նա նշեց, որ այս համատեքստում արդյունավետորեն համագործակցում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի կառավարության հետ։
Նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ ՄԱԿ-ի հետ համագործակցության մասին կարելի է խոսել անվերջ, և բոլոր ծրագրերում ՄԱԿ-ը եղել է Հայաստանի կառավարության կողքին: Նա շատ կարևորեց սահմանամերձ համայնքներում ներդրումները և նշեց, որ հանրապետությունն ունի 915 համայնք, որոնց խնդիրները տարբեր են:
«Մեր գերագույն խնդիրներից մեկը համաչափ զարգացման ապահովումն է և ապակենտրոնացումը. պիլոտային ծրագիր է լինելու երեք մարզերում և իրականացվելու է համայնքային խոշորացման ծրագիր, ինչը ևս կարևոր է»,-ասաց նա և շնորհակալություն հայտնեց ՄԱԶԾ-ին և ՌԴ-ին՝ համարելով սա մեծ աջակցություն:
Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը նշեց, որ Ռուսաստանը շարունակաբար ուղղորդում է իր ջանքերը՝ աջակցելու իր միջազգային գործընկերներին: Նա նշեց, որ Ռուսաստանի՝ միջազգային զարգացման նպատակով տրամադրվող աջակցությունը առաջնահերթ ստանում են ԱՊՀ-ի և եվրասիական գործընկերները:
Նա նշեց, որ ՄԱԶԾ-ն Ռուսաստանի վստահելի գործընկերն է, որը տարիների ընթացքում համաշխարհային գործունեության մեծ փորձ է կուտակել:
Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սահմանամերձ համայնքների խնդիրները կարող են տարբեր լինել, և հիմնականում դրանք սոցիալական են՝ դպրոցների մանկապարտեզների վերանորոգումն է, ճանապարհների վիճակն է:
«Սակայն ծրագրի հիմնական շեշտադրումն այնպիսի ենթակառուցվածքների ձևավորումն է, որ հետագայում ապահովեն կայուն զարգացում, աշխատատեղեր»,-ասաց նա և նշեց, որ այդ առումով ունեն ցուցանիշային թիրախներ, որոնց փորձում են հասնել:
Մարզպետի տեղակալը հայտնեց, որ ամբողջական փաթեթում իրենց առաջարկությունները ներառված են:
«Ծրագրով նախատեսվում է ավելացնել ջերմոցների թիվը, տասնյակ գյուղատնտեսական մթերքներ վերամշակող գործարաններ, սառնարանային տնտեսություններ կառուցել»,-ասաց նաև նշեց, որ կտրամադրվի նաև համապատասխան խորհրդատվություն, կլինեն համայնքային հրապարակային հանդիպումներ, քննարկումներ:










