Պետական խորհրդանիշները պետք է կամ ամբողջությամբ փոխել, կամ ոչինչ չանել. արվեստագետներ
Նկարիչ Սամվել Սևադան և քանդակագործ Լևոն Թոքմաջյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձան Հայաստանի պետական խորհրդանիշները՝ զինանշանը, օրհներգը և դրոշը փոփոխությունների ենթարկելու հարցով մասնագիտական խորհուրդներ ձևավորելու հարցին, և նկատեցին, որ կամ կարելի է դրանք ամբողջությամբ փոխել, կամ թողնել նույնը:
«Մեր գերբն ինձ հիշեցնում է Malboro-ի նշան, Philip Morris-ի նշան»,- ասաց Սամվել Սևադան՝ շարունակելով. «Կարծում եմ, որ Սովետական Հայաստանի զինանշանը շատ լավն էր, կարելի է այն որոշակի փոփոխության ենթարկելով՝ կիրառել: Արծվի ու առյուծի փոխարեն կարելի է մեր հավերժության նշանը դնել կամ խաչ, քանի որ մենք քրիստոնյա ենք: Ավելորդ բաներ պետք չեն»:
Նկարիչն այն կարծիքին է, որ խորհրդանիշներով մենք պետք է այսօրվա մեր դեմքը ցույց տանք, պետք է շատ պարզ մի բան ընտրենք:
«Եթե կանգնեցնեն որևէ քաղաքացու և ասեն, թե նկարագրեք մեր զինանշանը, չեն կարող հիշել և նկարագրել, քանի որ այն շատ բարդ է»,- ասաց Սամվել Սևադան՝ նշելով, թե Սարյանի գերբը մասնակի փոփոխությունների ենթարկելով կարելի է նորից կյանքի կոչել:
Խոսելով մյուս խորհրդանիշի՝ դրոշի մասին, Սամվել Սևադան ասաց, թե ճիշտ կլիներ, եթե դրա վրա լիներ կա՛մ քրիստոնեական խաչ, կա՛մ հավերժության նշան:
Ինչ վերաբերում է օրհներգին, ապա սրա վերաբերյալ արվեստագետներն ասում են, թե լավ կլիներ, եթե որպես հիմն ընդունվեր Տիգրան Մանսուրյանի «Ես իմ անուշ Հայաստանի» ստեղծագործությունը:
«Երբ այն լսում եմ, ինձ թվում է, թե դա ստեղծվել է հիմն լինելու համար»,- շեշտեց նկարիչը:
Լևոն Թոքմաջյանն էլ իր հերթին ասաց, թե դրա ժամանակը չէ, ամեն ինչ թողած գերբը փոփոխության ենթարկելով են զբաղված:
«Զինանշանը պետք է արտահայտի տվյալ երկրի, ժողովրդի էությունը: Ի՞նչ է, ինչքան գազանն ու գիշատիչը շատ լինի, դրանից ինչ-որ բա՞ն է փոխվելու»,- հարցադրում արեց քանդակագործը:
Անդրադառնալով օրհներգին, Լևոն Թոքմաջյանն ասաց. «Իտալացի աղջիկն ի՞նչ կապ ունի մեր հետ, որ մեր հիմնը կոչվում է նրա անունով: Ես էլ եմ այն համոզմանը, որ Տիգրան Մանսուրյանի «Ես իմ անուշ Հայաստանին» կարող է լավագույն օրհներգը լինել, քանի որ և՛ երաժշտությունը, և՛ բառերը շատ համահունչ են»:










