Ցեղասպանության զոհերի` Վրաստանում ապրող ժառանգների լուսանկարների ցուցահանդես է կայացել Թբիլիսիում
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ վրացահայ լրագրող, լուսանկարիչ Սերգեյ Ֆիդանյանը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի «Հայարտուն» կենտրոնում այսօր վիրահայությանը ցուցադրեց իր լուսանկարները, որոնցում պատկերված են Ցեղասպանության զոհերի՝ Վրաստանում ապրող ժառանգները :
«Ցուցահանդեսը երկար ժամանակ է պլանավորվել: Որոշեցինք այն կյանքի կոչել Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Շատ մարդիկ կային, որոնց պետք էր նկարել, բայց ֆիզիկապես հնարավոր չէր բոլորին ընդգրկել ցուցահանդեսին ներկայացված լուսանկարների կազմում»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Վերջինիս ներկայացմամբ` ցուցահանդեսի գաղափարն այն է, որ կյանքը շարունակվում է: Մարդիկ, ովքեր ամեն ինչ, կորցրել են, նաև՝ իրենց ընտանիքը, գաղթել են Վրաստան, կարողացել են կառուցել իրենց նոր կյանքը: Այսօր նրանց ժառանգները կան, և ցուցահանդեսում նրանց լուսանկարները ներկայացված են:
Սերգեյ Ֆիդանյանը լուսանկարչությամբ զբաղվում է արդեն 14 տարի, աշխատում է Ախալցխայում: Սա լուսանկարչի՝ Ցեղասպանության թեմայով առաջին աշխատանքն է: «Ապագայում կաշխատենք, որ այս նախաձեռնությունը շարունակվի, և կարողանանք լուսանկարել Վրաստանում ապրող՝ Ցեղասպանության զոհերի բոլոր ժառանգներին»,-ասաց նա:










