Տեղի կունենա Լիլիթ Մարգարյանի «Gallery 100» հավաքածուի ցուցադրությունը՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին

13:57 • 06.04.15

2015թ. ապրիլի 7-ին կկայանա հայրենական նորաձևության հիմնադիրներից մեկի՝ Լիլիթ Մարգարյանի «Gallery 100» հավաքածուի ցուցադրությունը։ Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
 

Միջոցառումն իրականացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ: Միջոցառման իրականացմանը նպաստել է ՀՀ սփյուռքի նախարարությանը։
 

Հավաքածուի հիմքում հայ կնոջ կերպարն է ու նրա ոճի զարգացումը, որն ուղեկցվել է պատմական և տարածքային բազմազան գործոնների ազդեցությամբ: Դիզայները կատարելության է հասցնում 1915-ին վերապրած հայ կին-անհատին, ով ոչ միայն կարողացել է պահպանել բարոյական բարձր արժեքները, այլև գեղարվեստի մեծ վարպետների սերունդ է դաստիարակել:
 

Հավաքածուի հիմնական նմուշները զգեստներն են, որոնք 20-րդ հարյուրամյակի հայ  նկարիչների ստեղծագործություններից  ոգեշնչման արդյունք են:
 

Ներկայացվող դեֆիլեի առանձնահատկություններից են լինելու նաև Նուռի՝ հատուկ այս միջոցառման առթիվ ստեղծած աքսեսուարները, որոնք զարդարելու են հավաքածուի նմուշները:
 

Ներկայացվում է մի ամբողջ դարաշրջան՝ մարմնավորված թափանցիկ շիֆոնի ծփանքներով, նրբերանգ քաշմիրով, կաշվե ժանյակներով ու մանեկեններով:
 

Լիլիթ Մարգարյանի հավաքածուի  հիմքում Սարյանի, Հակոբյանի, Կալենցի, Գառզուի և նման մեծանուն նկարիչների փորագրանկարներն են: Երկրաչափական ձևվածք, անխառն (մոնոքրոմ) գույներ, անհարմարվողականություն (նոնկոնֆորմիզմ), մինիմալիզմ և բազմաոճություն (էկլեկսիկա). հավաքածուն իրավամբ կարելի է համարել ուլտրանորաոճ: Համաշխարհային պոդիումների առաջադրած պահանջն էլ հենց դա է: Ֆուտուր ուրվագծերը ապշելու չափ ներդաշնակ են հայուհու կողմից մշտապես սիրված հայկական  ավանդական օձիքների հետ՝ մի ամբողջ ժողովրդի պատմությամբ խամրած երանգներով:

Մանեքենուհիների սանրվածքն ապահովելու է ոճաբան Սեդրակ Ղամբարյանը,  դիմահարդարումը՝ Make-Up Atelier-ի ՝ Մադլեն Խաչատրյանի ղեկավարությամբ:
Նորաձևության ոլորտի այս իրադարձությունը, որն անդրադարձել է պատմական կարևորագույն փաստին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, տեղի կունենա «Meridian Expo Centre» կենտրոնի մեծ սրահում։

 

Տեղի կունենա Լիլիթ Մարգարյանի «Gallery 100» հավաքածուի ցուցադրությունը՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին