Շատ եմ ուզում օգտակար լինել հայ ազգին. բացառիկ հարցազրույց Մարիամ Մերաբովայի հետ

14:19 • 06.04.15

«Ռուսաստանի ձայնը» նախագծի հայազգի աստղ, երգչուհի Մարիամ Մերաբովան Tert.am–ին տված բացառիկ հարցազրույցում պատմում է նախագծին իր մասնակցության, Ալլա Պուգաչովայի հետ հարաբերությունների, հայկական ջազի մասին, ինչպես նաև անդրադառնում ուկրաինական հակամարտության վերաբերյալ իր դիրքորոշմանը, Արցախում ունեցած համերգներին՝ նշելով, որ ինքը շատ է ուզում օգտակար լինել հայ ազգին։
 

– Երբ Դուք հայտնվեցիք «Ռուսաստանի ձայնը» նախագծում, կարծեմ` հիմնականում 2 ուղղությամբ քննարկումներ ծավալվեցին` Ձեր անձի շուրջ: Հայաստանում մարդիկ փորձում էին ավելի շատ պարզել, հասկանալ` արդյո՞ք Դուք հայ եք, թե՞ ոչ: Իսկ ռուսաստանյան հանդիսատեսին ավելի շատ հետաքրքրում էր Մերաբովա–Պուգաչովա առնչությունը …
 

- Գիտեմ: Բայց ասեք ... Այ ինձ շատ հետաքրքիր է…Ինչո՞ւ էին փորձում պարզել դա: Մի՞թե ակնհայտ չէր, որ հայ եմ:
 

– Գուցե ավելի շատ փորձում էին պարզել` արդյո՞ք 100 տոկոսանոց, «մաքուր հայ» եք` վստահ լինելու համար, որ այսպես ասած «մերոնքական» եք: Ի դեպ, Ձեզ ավելի շատ սատարում էին կարծես հենց հայ լինելու համար, այսինքն` ազգության գործոնը կար: Դա Ձեզ «կաշկանդո՞ւմ» էր, թե՞ ավելի շատ ոգևորում:
 

– Չէ, ի՞նչ եք ասում: Ինձ շատ գրում էին այդ հարցերով…
Այն, ինչ տեղի ունեցավ «Ռուսաստանի ձայնի» կույր լսումներից հետո, նկարագրել անհնար է:  Իմ Facebook-ը պարզապես «պայթեց»: Միանգամից  3000 հաղորդագրություն էի ստացել… Ոչ մեկին չկարողացա պատասխանել: Մի սարսափելի վիճակ էր: Այդքան հայեր, բոլորը` իրենց մաղթանքներով` ամեն տեղից` Ամերիկայից, Պորտուգալիայից, Գերմանիայից, աշխարհի բոլոր անկյուններից ինձ գրում էր հայկական սփյուռքը:


– Ռուսական միտման մասին. շատ էր քննարկվում, թե Դուք ինչ հարաբերություններ ունեք Պուգաչովայի հետ… (Մերաբովան, այլևս չի աշխատում Պուգաչովայի դպրոցում, ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ: Նա պատճառաբանեց ժամանակի պակասով)։


-Հոյակապ հարաբերություններ ունեմ…

… շատ էին քննարկում` թե նա ինչ ասաց Ձեր մասին, ինչպես մեկնաբանեց Ձեր այս կամ այն կատարումը…

– Պուգաչովան առհասարակ շոկի մեջ էր, որ ես նախագիծ եմ գնացել: Նա դա չգիտեր և բնականաբար` չէր մեկնաբանում: Իմ ելույթների վերաբերյալ իր մեկնաբանություններում ասել է, որ իրեն շատ է դուր եկել: Օրինակ ասում էր` «Այո, Մատ, համա թե ցույց տվեցիր», «Ըհը, բոլորին «սպանեցիր»» և այլն: «Ռեքվիեմի» մասին էլ, մյուս կատարումների մասին էլ: Բայց նկատեմ, որ նախագծում կային մարդիկ` Յարոսլավ Դրոբովը, Լյուբա Սոկոլովան և շատ այլք, ում Պուգաչովան ճանաչում էր: Չգիտես ինչու` ահա այսպես:
 

– Կարելի՞ է ասել, որ Georgia On My Mind-ը Ձեր «այցեքարտ–կատարումն» է: Նման բան եմ նկատել:
 

-Այո՛, իմ` մի տեսակ առանձնահատուկ երգն է:
 

– Իսկ ուրիշ էլ ի՞նչն է Ձերը, եթե փորձենք հասկանալ` ինչպիսին է Մերաբովան մրցույթից դուրս:
 

– Ռիթմ–ն–բլյուզը, ջազը, Էթա Ջեյմսը, Սարա Վոնը… Այ դա իմն է:
 

–Ջազի վերաբերյալ` մեզ մոտ սիրում են ասել, որ գոյություն ունի «հայկական ջազ», 70-ականների հայկական ջազ… Դուք ավելի շատ թերևս ռուսական մշակույթի կրողն եք, բայց, այնուամենայնիվ, ներկայացնո՞ւմ եք արդյոք հայկական ջազ, թե՞…
 

– Իմ կարծիքով «Երջանկության 100 ժամը» երգը ջազ է` օրբելյանական ջազ, Օրբելյանը ինձ համար ջազ է: Բաբաջանյանը, ի դեպ, ինձ համար ևս ջազ է, քանի որ նրանք ոչ ստանդարտ են, նրանք զուտ «խորհրդային էստրադա» չեն: Նրանց ստեղծածում այնպիսի ներդաշնակություն կա:  Բայց ես չեմ տարանջատում` կոնկրետ հայկական և ոչ հայկական ջազ: Առհասարակ նման «խելահեղությամբ» չեմ տառապում: Ես առողջ բանականության կողմնակից եմ: Ես երաժշտությունն եմ երկրպագում:
 

–Սակայն հետևելով Ձեր գործունեությանը` տեսել եմ, որ արձագանքեցիք, երբ օրինակ մի ադրբեջանցի երաժիշտ իրեն անտեղի հայտարարություն էր թույլ տվել:
 

- Ֆարիդ Ասկերո՞վը: Դա, իհարկե, սարսափելի էր: Էլ ինչպե՞ս կարելի էր արձագանքել, երբ մշակույթի գործիչը իրեն թույլ է տալիս նման բան` ճանաչելով, շփվելով մեզ հետ… Ավելին մեր «Ջազ Փարքինգ» նախագիծը, որում ես ռեզիդենտ եմ, որը գլխավորում է Անժելիկա Հարությունյանը, որը հայտնի է իր «հայկական ուղղությամբ»` շատ հայեր կան նախագծում, ժամանակին ձեռք ենք մեկնել Ասկերովին, երբ նա դրա կարիքն ուներ: Մենք սատարել ենք նրան..

Ես ևս մեկ անգամ ուզում եմ ասել իմ կարծիքը. մշակույթի մարդիկ իրավունք չունեն գործել ի կործանում, այլ պետք է աշխատեն` ի արարում: Պարտավոր են: Այլապես «արյուն բազմապատկելը» ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Պատմությունը պետք է իմանալ, հիշատակը պետք է հարգել: Բայց «արյուն բազմապատկելու» իրավունք, համենայն դեպս, մշակույթի ոլորտի գործիչները չունեն:
 

–Իսկ  Մոսկվայի պես քաղաքում այս դեպքից բացի այլ նման վիճակների հետ բախվե՞լ եք:
 

– Ոչ: Ոչ, ոչ:

–Ռուսաստանում Ուկրաինայի հակամարտությունը նաև արտիստներին է «հակամարտող ճամբարների» բաժանել: Դո՞ւք ինչ դիրք եք բռնել տվյալ պարագայում:
 

-Այո՛:  Ինքս հավասարակշռություն եմ պահում: Պարզապես հավասարակշռություն եմ պահում: Խելահեղություն է որևէ մեկի կողմն ընդունել այս հակամարտությունում: Դա քաղաքականություն է, մենք պարտավոր ենք միջակայքում լինել: Դա չի նշանակում, որ մենք պետք է լինենք «համ ձերոնց, համ մերոնց» վիճակում: Ոչ մի դեպքում: Չէ՞ որ փայլուն հասկանում եք, որ պատմությունն իր վերջնական խոսքն է ասում մի փոքր ավելի ուշ: Եվ որպեսզի հետո անասելի ամոթ չլինի, որ դու որևէ մեկի կողմն ես բռնել, եթե նույնիսկ տվյալ պահին քեզ թվա, որ դա ճիշտ է, դրա համար հարկավոր է մնալ «սահմանագծին» և  մարդկանց  խնդրել պարզապես դադարեցնել այդ խելահեղությունը:
 

– Պատմության մասին` Ձեր պաստառին անմոռուկ է զետեղված, ինչը քննադատությունների տեղիք է տվել… Անմոռուկը ի՞նչ է պարտավորեցնում: Տարբեր հայտնի հայեր այդ կերպ որևէ բան են քարոզում, Ցեղասպանության կապակցությամբ ինչ-որ բաներ նախաձեռնում: Ձեր դեպքո՞ւմ…
 

– (Ցույց տալով իր կրծքին ամրացված անմոռուկը, որը կորել էր հագուստի ծալքերի տակ – հեղ.) Ես քարոզում եմ, որ ազգը շարունակի զարգանալ` մշակութային առումով: Եղել են ժամանակներ, որ վերաուղղորդել են մշակույթի վեկտորը: Հիմա ասեմ` ինչ նկատի ունեմ. ես ծնվել եմ Երևանում այն շրջանում, երբ այստեղ ինտելիգենցիայի ծաղկումն էր: Իմ ընտանիքը շփվում էր Էդիկ քեռու` Միրզոյանի ընտանիքի հետ, Բաժբեուկ–Մելիքյանի և այլն: Դա մի քիչ այլ մակարդակ էր: Շուրջն էլ մի քիչ այլ մակարդակ էր: Եվ առհասարակ մեծամասամբ այլ մակարդակ էր:
 

Ես շատ եմ ուզում, որ վերածնվեն այն ժամանակները, երբ ցանկացած մարդ հոյակապ խոսում էր ռուսերեն… Ցանկացածը: Ինչի՞ եմ հենց ռուսերենի մասին ասում, քանի որ հավատացած եմ, որ ռուսաց լեզուն մշակութային կտրվածքով կապող միջոց էր բոլոր 15 խորհրդային հանրապետությունների համար: Շատ ճիշտ կապով կապող միջոց էր: Դա չէր նսեմացնում ազգային արժանապատվությունը: Ընդհակառակը: Դա շատ մեծ առաջընթաց էր տալիս` մշակութային իմաստով:
 

– Մշակութային առումով համաձայն եմ: Ինքս շատ լավ իմանալով ռուսական մշակույթը, գրականությունը, հենց ռուսերեն, կարծում եմ, որ իմ սերունդը այնքան էլ համաձայն չէ Ձեզ հետ: Եվ դրա «մեղավորությունը» ոչ թե սերնդինն է, այլ Ռուսաստանի քաղաքականությանը, որն էլ մոտեցում է ձևավորում:
 

-Սերնդի մեղքը չէ, այո՛: Ուզում եմ նաև, որ ավելի շատ մարդիկ լավ համերգներին հավաքվեն, ոչ թե ռաբիսին, ուզում եմ, որ մարդիկ նայեն որոշակի կինո, որոշակի կոնկրետ կինո նկարահանվի, գրականություն կարդան…
 

– Կինոյով հետաքրքրվո՞ւմ եք:
 

-Իհարկե:
 

–Այդ դեպքում ասեք` ինչ ֆիլմեր եք սիրում:
 

-Ընդհանրապես շատ եմ սիրում եվրոպական և անցած դարի կինո (ծիծաղում է – հեղ.):
 

–Ի դեպ, իսկ հայերեն խոսո՞ւմ եք, հայերենով շփվո՞ւմ եք:
 

-Սկզբում դժվար է, բայց ահա մի շաբաթ, որ էստեղ եմ, հաստատ գիտեմ, որ «կբացվի» հայերենս:
 

– Մեր ընթերցողների համար բացահայտեք, թե այդ ի՞նչ հայկական գործ է նախատեսված Ձեր համերգին: Կոմիտաս սպասե՞նք Ձեզնից:
 

– Ո՛չ: Իր գեղեցկությամբ զարմանալի երգ է լինելու` Արթուր Գրիգորյանի կողմից: Դա զուտ երգ չէ: Ինձ համար շատ կարևոր: Մի անգամ ինձ արդեն «խոցել է» այդ երգը և վերջ` գտնում եմ, որ դրանից վեր էլ բան չկա…
 

– Իսկ հետաքրքիր է` ի՞նչ եք ինքներդ ձեզ համար «կատարում»` մրմնջում:
 

– Շատ եմ սիրում ռուսերենով երգել:
 

– Ձեր ընտանիքը ևս զոհ է գնացել ցեղասպանությանը: Կմանրամասնե՞ք:

-Այո՛: Մենք մեծ ընտանիք ենք եղել: Տատիս մայրը 12 երեխա է ունեցել: Մեծահարուստ ընտանիք է եղել, իր տներն է ունեցել Էրզրումում, Օդեսայում, Բաթումում և այլն: Գորգագործությամբ են զբաղվել, հարստագույն ընտանիք են եղել:  Պապիս հայրը մեկենաս է եղել:  Սակայն 15 թվին իմ նախապապի քույրերից մեկը` Սոնյա հորաքույրը, որ սովորում էր Մյունխենի Գեղարվեստի ակադեմիայում, սպանվել է Էրզրումում: Այդ շրջանում արձակուրդին եկել է Էրզրում, որտեղ հանգստանում էր ընտանիքը: Սպանել են նրան ու մյուսներին:
Սակայն ասում են, որ Սոնա հորաքույրը պատասխան կրակ է բացել. փոքրիկ կանացի ատրճանակ է ունեցել, և լուսանկարներից դատելով ահագին «խուլիգան» տիպ է եղել:
Ի դեպ, ես հսկայական թվով հին ընտանեկան լուսանկարներ ունեմ` մեր բոլոր տներով հանդերձ:
Իմ երեխաները տեղյակ են այս ամենից: Նրանք անուն առ անուն գիտեն բոլորին…
 

Ցեղասպանության շրջանում սպանել են նաև իմ պապիս հորեղբայր Սողոմոնին` երկու 3 տարեկան երեխաների հետ: Դա ահավոր ողբերգություն էր ընտանիքի համար: Հետո Վանյա քեռին մեկնել է Համբուրգ, ողջ մնացածներից մյուսները` Մինասը` պապիս հայրը, և Մարիամը` տատիս մայրը,  մնացել են Թիֆլիսում: Իսկ երեխաները ցրվել են` Համբուրգ, մյուսը` Պետերբուրգ, Ժորա քեռին` Մոսկվա: Բայց եղել է նաև1922 թիվը, 15 թվով ամեն ինչ չի ավարտվել:
 

– Դուք իմ վարկանիշային աղյուսակում ամենաազդեցիկ սփյուռքահայերից եք: Իսկ ինչքանո՞վ եք ինքներդ Ձեզ ազդեցիկ զգում «Ռուսաստանի ձայնից» հետո` Ձեր հայտնիության առումով:
 

- Ես շատ եմ ուզում օգտակար լինել ազգի համար: Խոնարհվում եմ այն ամենի առաջ, ինչ անում է Ռուբեն Վարդանյանը: Մենք լավ ճանաչում ենք նրան էլ, Գոռին էլ… Իմ կարծիքով` հենց նրանք են «ազգի թագուպսակը»: Այդ մարդիկ են ամբողջ էությունը և կյանքը հետագա: Նրանք կյանքը տեսնում են 100 տարի առաջ: Չի կարելի 3 կամ 5 տարի առաջ նայել, թե ինչ կունենաս քեզ համար այդ շրջանից: Պետք է 100 տարով առաջ ես նայում, թե ինչ կունենա քո ազգը: Այ դա է կարևոր:
 

– Դուք Ձեր համերգները սկսել եք Արցախից: Դրանո՞ւմ պետք է «ուղերձ» փնտրել:

-Այո, իհարկե: Նախ մեր` իմ ու ամուսնուս` Արմենի արմատները մի գծով Շուշիից են:  Տատս Արֆենիա Պետրովնան` Արփենիկը, այնքան բան է պատմել Արցախի մասին:
 

– Իսկ Դո՞ւք մինչ այս չէիք եղել էնտեղ:
 

-Ո՛չ, ցավոք: Մի քանի տարի առաջ պատրաստվում էինք գնալ, այլ կազմակերպիչներ համերգ էին ծրագրում Արցախում, բայց չստացվեց:
 

– Հապա՞ Ադրբեջանի «սև ցուցակները» Արցախ գնացող հայտնի մարդկանց համար:
 

-Դրանից ես հաստատ չեմ «քաշվում»: Բացարձակ:
 

– Չէ՞ որ հետո էլի հետ եք գնալու մուլտիմշակութային Մոսկվա:
 

- Դե, հա, իսկ ի՞նչ է դրանից հետո Մոսկվայում ինձ էլ լսող չի՞ լինելու…
 

– Կարծես վերջ` 15 րոպեում տեղավորվեցինք:
 

– Ֆանտաստիկա՛:

 

Հարցազրույցը՝ Դավիթ Պ. Վարդազարյանի 

Շատ եմ ուզում օգտակար լինել հայ ազգին. բացառիկ հարցազրույց Մարիամ Մերաբովայի հետ