«Անապատի շունչը». ժամանակն անզոր է Սահարայի հսկայական ավազե պատկերի դեմ (լուսանկարներ)
Նկարչուհիներ Ստելա Կոնստանտինիդեսը, Դանայա ու Ալեքսանդրա Ստրատոուները 2 տարի շարունակ, անտեսելով եղանակային անտանելի պայմանները, աշխարհի ամենամեծ` Սահարա անապատում ստեղծել են ավազե հսկայական պատկեր, որն անվանել են «Անապատի շունչը»:
Տասնութ տարի անց բացառիկ այս պատկերը պահպանված է ու լավ տեսանելի տիեզերքից: Փաստորեն, ժամանակն ու քամիներն անզոր են գտնվել արվեստի այս բացառիկ նմուշի նկատմամբ:
Ինչպես նշում է AdMe.ru-ն, ավազե պատկերի ստեղծման աշխատանքներն ավարտվել են 1997թ. մարտի 7-ին: Այն բաղկացած է ավազե կոներից, որոնք դասավորված են իրար հետևից ու ձևավորել են գալար:
Ընդհանուր պատկերը զբաղեցնում է 100.000 քմ մակերես, իսկ դրա մեջտեղում գտնվում է կլոր լողավազան: Նկարչուհիները կարծում էին, թե իրենց ստեղծագործությունն էրոզիայի հետևանքով տարիների ընթացքում կանհետանա, սակայն այն դեռևս գոյություն ունի ու շարունակում է զարմացնել մարդկանց:





















