Նորվեգացի երգեհոնահարուհին ռեկորդ է սահմանել՝ 60 ժամ անընդմեջ նվագելով (տեսանյութ)
Նորվեգացի երգեհոնահարուհի Նինա Իրսլինգերը համաշխարհային ռեկորդ է սահմանել այդ գործիքով նվագելու տևողությամբ. նա երաժշտական գործիքի առաջ է անցկացրել 60 ժամ, գրում է Обозреватель-ը։
Նոր ռեկորդակիրը, ով շուտով կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում, եկեղեցական գործիքի ստեղների առաջ նշել է իր 60-ամյակը՝ նախապես որոշելով, որ նվագելու յուրաքանչյուր ժամը նվիրվելու է իր կյանքի մեկ տարվան։
Իրսլինգերի խոսքով՝ ամենադժվարինն իր համար եղել է առանց քուն մնալը։ Երկու գիշեր շարունակ նա իրեն թույլ է տվել ննջել միայն 35 րոպե։ Կնոջը ոգևորել են բարեկամները, ընկերները, Արենդալ քաղաքի Սուրբ Երրորդություն եկեղեցու այցելուները, որտեղ էլ կայացել է համերգը։
Իրսլինգերն արդեն 2-րդ անգամ է գրանցվում Գինեսի ռեկորդների գրքում։ 2009-ին նա առաջին անգամ ռեկորդ է սահմանել՝ 36 ժամ երգեհոն նվագելով։










