Կոմիտասի անվան լարային քառյակը համերգով հանդես է եկել UWC Դիլիջան քոլեջում
UWC Դիլիջան քոլեջում ապրիլի 7-ի երեկոյան համերգով հանդես է եկել Կոմիտասի անվան լարային քառյակը՝ շարունակելով քոլեջում մեկնարկած համերգների շարքը, որը կազմակերպել են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամն ու UWC Դիլիջան քոլեջը:
Այս անգամ ևս համերգն ունկնդրելու էին եկել ոչ միայն քոլեջի ուսանողներն ու դասախոսական կազմը, այլև Դիլիջան քաղաքի ուսումնակրթական, համայնքային այլ հաստատությունների ներկայացուցիչներ, համայնքի երիտասարդ բնակիչներ:
Քառյակը ներկայացրել է ինչպես Կոմիտասի, այնպես էլ հայ և աշխարհահռչակ այլ կոմպոզիտորների գործերը՝ ունկնդիրներին դասական երաժշտության երեկո պարգևելով: Ելույթներն ուղեկցվում էին երաժշտագետ Նոնա Ոսկանյանի մեկնաբանություններով:
«UWC Դիլիջան քոլեջում համերգների այս շարքի ընթացքում մենք փորձեցինք հնարավորինս տարբեր ժանրեր ներկայացնել՝ ջազ, էթնիկ և ժամանակակից երաժշտություն, իսկ այսօր՝ դասական: Մեր այս նախաձեռնությունը նպատակ ուներ ցույց տալ, որ Դիլիջանը նույնպես մշակութային միջոցառումների անցկացման հետաքրքիր վայր կարող է լինել և դրա համար մեծ ներուժ ունի»,- ասել է IDeA հիմնադրամի տնօրենի տեղակալ Սերգեյ Թանթուշյանը:
«Մենք ուրախ էինք հյուրընկալել հայ հայտնի կատարողների, այս երեկո՝ Կոմիտասի անվան լարային քառյակին և նրանց կատարմամբ ունկնդրել ինչպես ազգային, հատկապես՝ Կոմիտասի երաժշտությունը, այնպես էլ արևմտյան դասական երաժշտություն: Հուսով ենք, որ ապագայում ևս համերգների շարք կունենանք, որը կնպաստի քաղաքի մշակութային կյանքի ակտիվացմանը, և հնարավորություն կընձեռի, որ մարդիկ այցելեն քոլեջ՝ երաժշտություն վայելելու»,- նշել է դպրոցի տնօրեն Ջոն Փադըֆութը:
Հիշեցնենք, որ UWC Դիլիջան քոլեջում կազմակերպված համերգների շարքի շրջանակում ելույթներով հանդես էին եկել նաև «Կոլեկտիվ մեծ բազար» խումբը և հայտնի ջազ երաժիշտ Տիգրան Համասյանը:

.jpg)










