«Հարցազրույց» ֆիլմը փուչիկներով Հարավային Կորեայից Հյուսիսային Կորեա է ուղարկվել
Հարավկորեացի ակտիվիստ Լի Մին Բոկը «Հարցազրույց» ամերիկյան քաղաքական կատակերգության մի քանի հարյուր DVD-սկավառակ է ուղարկել ԿԺԴՀ. դա արվել է փուչիկներով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ակտիվիստների խումբը Հյուսիսային Կորեայի սահմանով ֆիլմի պատճենները փոխանցելու համար հսկայական փուչիկներ օգտագործելու ցանկության մասին հայտնել էր դեռևս մարտին, սակայն Հյուսիսային Կորեայի զինվորականները սպառնացել են պայթեցնել փուչիկները, եթե դրանք հայտնվեն սահմանին:
Ընդ որում՝ Լին պնդում է, որ իր առաքելությունը սկսել է դեռևս հունվարին՝ առանց հայտարարության: Միջինը նա մի գիշերվա ընթացքում ուղարկել է չորս DVD:
Տղամարդն ինքը դիտել է ֆիլմը, սակայն այն բացարձակապես չի հավանել: Լիի կարծիքով՝ ֆիլմը վուլգար է և ծիծաղելի չէ, բայց ակտիվիստի համար կարևոր է, որ հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընը ցուցադրված է ֆիլմում որպես մարդ, այլ ոչ որպես «Աստված»:
Ֆիլմն առաջացրել է հյուսիսկորեական իշխանությունների զայրույթը: Փհենյանը պահանջել էր արգելել «Հարցազրույցը» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմի պրեմիերայից առաջ Sony Pictures կինոընկերությունը ենթարկվել էր հաքերային հարձակման:










