Գերմանիայի կինովարձույթում է հայտնվել Հիտլերի դեմ մահափորձի մասին ֆիլմը
Գերմանիայի կինովարձույթում է հայտնվել գերմանացի ռեժիսոր Օլիվեր Հիրշբիգելի նոր գեղարվեստական ֆիլմը։ Այն հիմնված է իրական դեպքերի վրա. Մյունխենում 1939-ին ատաղձագործ Գեորգ Էլզերի անհաջող մահափորձն Ադոլֆ Հիտլերի դեմ, գրում է Deutsche Welle-ն։
Ռեժիսորը նշել է, որ զուգահեռներ է տեսնում նացիոնալ-սոցիալիստների ռեժիմի դեմ պայքարողի և Էդվարդ Սնոուդենի միջև, ով բացահայտել է ամերիկյան հատուկ ծառայությունների ապօրինի գործունեությունը։ Նրանք երկուսն էլ պայքարում էին ազատության համար, ասել է նա։
«Էլզերը չէր ընդունում այն, ինչ անում էին նացիստները, ինչպես և այսօր Էդվարդ Սնոուդենը, ով չի ընդունում որոշակի բաներ»,- ասել է Հիրշբիգելը։
Գեորգ Էլզերը մահափորձն իրականացրել է միայնակ։ 1939թ. նոյեմբերի 8-ին նա ռումբ է պայթեցրել Մյունխենի Bürgerbräukeller գարեջրատանը՝ Հիտլերին և այլ բարձրաստիճան նացիստների սպանելու համար։ Սակայն Հիտլերն այդ պահին ներսում չի եղել. նա դուրս է եկել պայթյունից 13 րոպե առաջ։ Էլզերը մահապատժի է ենթարկվել 1945-ին։










