Հետազոտողները պնդում են, որ «Կրկնակի սուտ» պիեսի հեղինակը Շեքսպիրն է
Psychological Science ամսագիրը հրապարակել է հոդված, որում ներկայացված են ապացույցներ, որ «Կրկնակի սուտ» պիեսը (Double Falsehood, or The Distrest Lovers) իսկապես պատկանում է Ուիլյամ Շեքսպիրի գրչին, փոխանցում է Газета-ն։
Հետազոտությունն իրականացրել են Տեխասի համալսարանի գիտնականները։
Առաջին անգամ պիեսը հրատարակվել է 1728-ին Լյուսի Թեոբալդի կողմից, ով հայտարարել է, որ աշխատանքի հրատարակման ժամանակ ինքը հիմնվել է Շեքսպիրի օրիգինալ ձեռագրերի վրա։ Սակայն ձեռագրերն այրվել են, և այդ ժամանակից ի վեր հետազոտողները վիճում են հարցի շուրջ, թե ով է իրականում պիեսի հեղինակը՝ Շեքսպիրը, Թեոբալդը, թե Ջոն Ֆլեթչերը՝ դրամատուրգ, ով երբեմն աշխատել է Շեքսպիրի հետ։
Գիտնականները մշակել են հատուկ ծրագիր գրական տեքստերի վերլուծության համար, որի օգնությամբ կարելի է պարզել հեղինակին։ Նրանց խոսքերով՝ յուրաքանչյուր հեղինակ ունի միայն իրեն բնորոշ բնութագրեր։
Ծրագիրը վերլուծել է Շեքսպիրի 33 տեքստ, Թեոբալդի 12 տեքստ և Ֆլեթչերի 9 տեքստ։ Այն եզրակացրել է, որ «Կրկնակի սուտ» պիեսի հեղինակն իսկապես Շեքսպիրն է։ Գիտնականները հայտարարել են, որ իրենք էլ են զարմացած եղել նման եզրակացությունից, սակայն վստահեցրել են, որ լիովին հավատում են իրենց աշխատանքի արդյունքներին։










