ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Պարի խորհրդի ղեկավարը կարծիք է հայտնել, թե սիրտակի պարը թուրքական ծագում ունի
ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությանը (ՅՈՒՆԵՍԿՕ) կից Պարի միջազգային խորհրդի նախագահ պրոֆեսոր Ալկիս Ռաֆտիսը հանրահայտ հունական սիրտակի պարում թուրքական արմատներ է նկատել, գրում է РИА Новости-ն։
Աղբյուրը հիշեցնում է, որ սիրտակին հայտնի պար է, որը ստեղծվել է 1964-ին «Զորբա» ֆիլմի համար՝ հույն կոմպոզիտոր Միկիս Թեոդորակիսի երաժշտության հիման վրա։ Ֆիլմի թողարկումից հետո սիրտակին դարձել է ամենահայտնի հունական պարն աշխարհում և Հունաստանի խորհրդանիշներից մեկը։
«Սիրտակին հունական պար չէ։ Հունական ժողովրդական պարերը քիչ հայտնի են Թուրքիայում, իսկ սիրտակին այստեղ մեծ ճանաչում ունի։ Կարծում եմ՝ խորեոգրաֆիայի տեսանկյունից այն թուրքական պար է»,- ասել է Ռաֆտիսը թուրքական Anadolu գործակալությանը՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում։
Նրա խոսքով՝ ինքը, ով Հունաստանի քաղաքացի է և պարի ոլորտում ուսումնասիրություններ անցկացնող, Թուրքիայում իրեն զգում է «ինչպես տանը, քանի որ այդ երկիրը հարուստ է ժողովրդական պարերով»։










