Երգչուհի Ժասմինի ամուսինը Մոլդովայում բերման է ենթարկվել
ՌԴ հայտնի երգչուհի Ժասմինի ամուսինը՝ գործարար Իլան Շորը, Մոլդովայում բերման է ենթարկվել Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային կենտրոն, հաղորդում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Անժելա Ստարինսկուն:
Շորը մեղադրվում է Ռուսաստան Մոլդովայի երեք առևտրային բանկերից միջոցներ տեղափոխելու համար: Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային կենտրոնը մտադիր է պաշտոնապես մեղադրանքներ ներկայացնել Շորին:
Ստարինսկին նաև հայտնել է, որ բացի Շորից հակակոռուպցիոն գերատեսչությունը չորեքշաբթի բերման կենթարկի «այդ գործով նաև այլ անձանց»:
Ավելի վաղ ֆրանսիական Le Monde թերթը գրել է, որ Մոլդովայի կենտրոնական բանկը հայտնաբերել է բյուջեից 1 միլիարդ դոլարի արտահոսք: Կենտրոնական բանկն այդ գումարը տվել է երեք բանկերի 2014 թվականի նոյեմբերի 30-ին անցկացված խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ: Թերթը նշել է, որ դրանք երկրի ամենախոշոր բանկերն են, որոնք նաև զբաղվում են կենսաթոշակների և սոցիալական վճարների վճարմամբ:
ԶԼՄ-ների ձեռքն ընկած գործի նյութերը վկայում են այն մասին, որ գումարների մի մասը կարող էր «հոսել» չորս ռուսական բանկ, որոնց անունները չեն նշվում:










