Մոնոներկայացումների «Արմմոնո» փառատոնը կանցկացվի մայիսի 6-ից 11-ը
Հայաստանի թատերական գործիչների միությունը մայիսի 6-11-ը Երևանում կանցկացնի մոնոներկայացումների ամենամյա 13-րդ փառատոնը՝ «Արմմոնոն»։ Փառատոնի շրջանակում այս տարի կցուցադրվի 31 ներկայացում՝ Հայաստանի, ԱՄՆ-ի, Քուվեյթի, Մարոկոյի, Եգիպտոսից, Բուլղարիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Լիտվայից, Իրանի թատերական խմբերի կողմից:
«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ փառատոնի բացումը տեղի կունենա Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում: Նա նշեց, որ արդեն ավանդական է դարձել նոր խորագրեր ունենալը. այս տարի նոր է «Արմմոնո-Կլաս» ծրագիրը, որին մասնակցելու են դպրոցականներ՝ Պուշկինի անվան դպրոցի սաները։
«Ցանկացած մարդ փառատոնին կարող է գտնել իրեն հետաքրքրող ներկայացումը: Փառատոնի բացմանը կցուցադրվեն Արեգ Գևորգյանի, Հռիփսիմե Շահինյանի, Բրեմներ Ֆլետչերի ներկայացումները: Փառատոնին նաև շատ երիտասարդ մասնագետներ են մասնակցելու»,-ասաց նա:
ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության թատերարվեստի գծով մասնագետ Նաիրա Հայրապետյանի խոսքով՝ փառատոնը նոր սերնդի և նոր անունների բացահայտման հնարավորություն է տալիս:
«Այն նպաստում է ոլորտի զարգացմանը, ընդլայնում է սահմանները»,-նշեց նա:
ՌԴ վաստակավոր արտիստ Իրինա Եվդոկիմովան, ով փառատոնի ընթացքում կներկայանա «Շտո-ս» մոնոներկայացումով, որը բազմաթիվ մրցանակների է արժանացել տարբեր միջազգային թատերական փառատոներում։ Նա նաև կներկայացնի «Սպիտակ վալս» գրական-երաժշտական կոմպոզիցիա՝ նվիրված Մայիսյան հաղթանակներին:
Դերասանուհի Ելենա Դուդիչը (Բելառուս) կներկայանա «Մռնչացող ճնճղուկը» մոնոներկայացումով: Փառատոնի շրջանակներում կցուցադրվի 2 մոնոներկայացում Լեհաստանից:
Դերասանուհի Վիոլետ Կոմարը հայ հանդիսատեսին կներկայացնի Ս. Քեյնի «Պսիխոզ» և Մ. Գաուերի «Դիվա» մոնոներկայացումները: Դերասան Գեորգի Գոտսինը (Բուլղարիա) կներկայանա «Խելագարի հիշատակարանը» մոնոներկայացմամբ:
Այս տարի փառատոնի օրերին կանցկացվի «Արաբական երկրների օր», ինչը հնարավորություն կտա հայ հանդիսատեսին ծանոթանալ արդի արաբական թատրոնի զարգացումներին:










