Թուրքիայում վերականգնողները լրջորեն վնասել են թանգարանի անտիկ խճանկարները (լուսանկարներ)
Թուրք ռեստավրատորները լրջորեն վնասել են Հաթայ նահանգի Անթաքիա քաղաքում գտնվող թանգարանի ավելի քան տասնյակ հին հռոմեական խճանկարներ, գրում է РИА Новости-ն։
Սկանդալն առաջացել է այն բանից հետո, երբ թուրք վարպետ Մեհմեթ Դաշքապանն այդ փաստին է հրավիրել մամուլի ուշադրությունը։
«Վնասվել են Հռոմեական դարաշրջանի թանկարժեք գտածոներ։ Դրանք վերածվել են իրենց իսկ ծաղրանկարների։ Որոշ պատկերներ գտնվում են առավել վատ վիճակում, կորցրել են իրենց յուրահատկությունն ու արժեքը։ Դրանք այլևս չի կարելի անվանել մ.թ. 2-րդ դարի յուրահատուկ խճանկարներ»,- ասել է Դաշքապանը։
Նա ընդգծել է վերականգնողական աշխատանքների դադարեցման անհրաժեշտությունը, որպեսզի պաշտպանվեն անտիկ արվեստի այլ գործեր։
Վնասված խճանկարների թվում է Իսահակի զոհաբերության պատկերը։ Դրանցում որոշ քարեր բացակայում են, իսկ մյուս քարերի գույներն այնքան անհաջող են ընտրվել, որ անճանաչելիորեն փոխել են խճանկարի օրիգինալ տեսքը և ծաղրանկարային տեսք հաղորդել։
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունն այդ միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսել։















