Կոլումբիայի ոստիկանությունը վերադարձրել է Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» գրքի առաջին հրատարակությունը
Կոլումբիայի ոստիկանությունը հայտարարել է, որ իրենք վերադարձրել են հանրահայտ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպի՝ հեղինակի ստորագրությամբ առաջին հրատարակությունը։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գիրքը գողացել են անցած հանգստյան օրերին՝ Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում անցկացվող Միջազգային գրքի տոնավաճառից:
Գիրքը պատկանում է հավաքորդի, ով գնել էր այն 2006 թվականին։ Հեղինակը, ով մահացել է անցած տարի, ավելի ուշ ստորագրել էր այն:
Ոստիկանությունը հայտնել է, որ իրենք հայտնաբերել են գիրքը Բոգոտայում՝ օգտագործված գրքերի տաղավարում: Նրանք կասկածում են, որ գողության ետևում կանգնած են անտիկ իրերի առևտրով զբաղվող անձինք:
Գիրքը գնահատվում է 60 հազար դոլար, բայց գրքի սեփականատերը նշում է, որ այդ օրինակն անգին է:










