«Սկոտչ & WHISKEY» կատագերկությունը կգրավի հանդիսատեսի ուշադրությունը. Պրեմիերան` մայիսի 21-ին
Մայիսի 21-ին կկայանա «Սկոտչ & WHISKEY» կատակերգության պրեմիերան: Ֆիլմի ռեժիսորն է Արշո Հարությունյանը, իսկ գլխավոր դերերում են՝ Լուիզա Ներսիսյանը, Ռաֆայել Երանոսյանը, Արփի Գաբրիելյանը, Սոս Ջանիբեկյանը, Գրիշա Աղախանյանը, Անդրանիկ Հարությունյանը, Սերգեյ Դանիելյանը:
Գլխավոր հերոսներից Սոս Ջանիբեկյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ֆիլմի գլխավոր նպատակն է՝ հանդիսատեսին հաճելի ժամանաց ու որակյալ հումոր պարգևել:
«Ֆիլմին չպետք է մոտենալ իբրև շատ լուրջ ասելիքով, լուրջ գաղափարախոսությամբ ֆիլմ, այլ՝ որպես թեթև, դրական, ժամանցային բարի և ուրախություն ու ծիծաղ պարգևող ռոմանտիկ կատակերգության»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է իրեն, ապա Սոս Ջանիբեկյանը նշեց, որ հանդիսատեսին ներկայանալու է բոլորովին նոր կերպարով, նույնիսկ՝ անսպասելի թե՛ իր, թե՛ հանդիսատեսի համար:
«Վստահելով Արշալույս Հարությունյանին՝ իմ հերոսի կերպարը կերտելիս արել եմ բաներ, որոնք դերասանական իմաստով երբեք ինձ թույլ չեմ տվել՝ վախեցել եմ»,-ասաց նա և ավելացրեց, որ ֆիլմում ունի չափազանց կոմեդիկ դրվագներ:
Սոս Ջանիբեկյանը, միաժամանակ, նշեց, որ սա իր առաջին դերը չէ կատակերգության մեջ. խաղացել է «Ուրիշի փոխարեն», «Տաքսի «էլի լավ ա», «Փեսացուն կրկեսից», «Քայլ ձիով» ֆիլմերում:
«Այս ֆիլմում կտեսնեք գեղեցիկ պատկեր Սուրեն Թադևոսյանի և իր օգնականների խմբային աշխատանքի շնորհիվ, կվայելեք էսթետիկ կադր, լավ օպերատորական և ռեժիսորական լավ աշխատանք... Ֆիլմը՝ որպես կատակերգություն, մեր կինոիրականության մեջ հաստատ կգրավի մեր հանդիսատեսի ուշադրությունը»,-ասաց նա:
Սոս Ջանիբեկյանը նշեց, որ ինքը չի դիտել ֆիլմը, այդ պատճառով էլ շատ բան չցանկացավ խոսել ֆիմի մասին, բայց ասաց. «Կինոաշխարհում մարդիկ շատ լավ մի խոսք ունեն՝ էկրանը ցույց կտա, ինչ ուզում ես՝ խոսիր, մեկնաբանի, ի վերջո՝ ցույց է տալիս էկրանը»:
Իսկ հանդիսատեսին առաջարկեց ֆիլմին մոտենալ պակաս քննադատությամբ, քանի որ այն հումորային է:
«Այն չի նկարահանվել, որպեսզի ինստիտուտներում անցնեն, որպեսզի լուրջ արժեքային համակարգ ձևավորի, լուրջ ասելիք ունենա, գաղափարախոսություն ունենա: Նկարահնվել է, որպեսզի մարդուն պարգևի դրական էմոցիաներ, բարի ժամանակ, որկով հումոր, որակով պատկեր ու հետաքրքիր սցենարային լուծումներ»,-ասաց նա:












