Հայկազուն Ալվրցյանը հիշեցնում է ժամանակին Արևելյան Հայաստանի տարածքում գտնվող եկեղեցիների մասին

22:40 • 12.05.15

Արևմտյան Հայաստանի տարածքում  գտնվող եկեղեցիների մի մասը չեն գտնվել ներկայիս Թուրքիայի տարածքում՝ լինելով Արևելյան Հայաստանի մաս: Այսինքն՝Պոլսո Պատրիարքարանի տիրապետության տակ չեն եղել և հանդիսացել ու հանդիսանում  են Մայր աթոռ սուրբ Էջմիածնի գույքը:

 

Tert.am –ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արևմտահայոցհարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը՝ ավելացնելով. «Սրանք եղել են այն ժամանակ՝ Արևելյան Հայաստանի տարածքում ( ներկայում Թուրքիայի տարածքում ), և այդպիսի տարածքներ շատ ունենք՝ Ղարս, Արդահան, Սարիղամիշ և այլն: Եվ այստեղ ունենք եկեղեցիներ, որոնք վերածվել են մզկիթի, օրինակ՝ Կարսի սուրբ Առաքելոցը, և նման բազմաթիվ խոնարհված եկեղեցիներ, որոնք ավերվել են կամ մզկիթի են վերածվել: Սրանք այն եկեղեցիներն են, որոնք ցարական շրջանում, նաև՝ Հայաստանի Առաջին  Հանրապետության, դուրս էին Թուրքիայի տարածքից»:

 

Հիշեցնենք, որ  տարբեր հաշվարկներով՝ Թուրքիայում մինչև Ցեղասպանության տարիները եղել է  2500,- 4000 հայկական եկեղեցի ու վանք:

 

Հիշեցնենք, նաև, որ Tert.am-ի հետ զրույցում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և ձեռագրերի պահոցի տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը, պատասխանելով հարցին, թե Մայր Աթոռի՝ Թուրքիայի դեմ ներկայացվելիք հայցում Ցեղասպանության տարիներին բռնազավթված ինչ  եկեղեցիներ են ներառված լինելու, նշել էր. «Ներառված են լինելու ո′չ միայն Անթիլիասին կամ Մայր աթոռին պատկանող հայոց եկեղեցիները, այլև՝ բոլոր  այն  եկեղեցիները, որոնք եղել են  Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության տարածքում, և որոնց պատկանելության վերաբերյալ օսմաներենով  սեփականության վավերագրեր են առկա»:

 

 



 

Հայկազուն Ալվրցյանը հիշեցնում է ժամանակին Արևելյան Հայաստանի տարածքում գտնվող եկեղեցիների մասին