«Այլևս երբեք» կինոնախագծի բոլոր ցուցադրություններին պատկառելի թվով թուրքեր են եղել, որևէ տհաճ ակցիա չեն իրականացրել
«Ոսկե ծիրան»-ի «Այլևս երբեք» կինոնախագծի ֆիլմերի` Բեռլինի «Մաքսիմ Գորկի» կինոթատրոնում ցուցադրությունների ժամանակ, ցուցադրություններից ու քննարկումներից հետո հետաքրքիր մի ակցիա է իրականացվել, երբ հայերն ու թուրքերը ճաշ են եփել ու բաժանել հանդիսատեսին:
«Ուրեմն, և՛ գերմանցիները, և՛թուրքերը շատ պատրաստված` ներկա էին Բեռլինի փառատոնին. Արսինե Խանջյան, Ատոմ Էգոյան, Կառլա Կարապետյան, բոլորը` կողք կողքի նստած թուրքերի հետ… նույնիսկ հայերն ու թուրքերը ճաշ էն պատրաստել և բաժանել, մի սահման էր նախապատրաստվում, որ խոսակցությունը լինի ոչ միայն արվեստի, այլև այլ ճաշի շուրջ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ոսկե ծիրան» Երևանի Միջազգային կնոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը:
Նրա խոսքով` բոլոր երկրներում ցուցադրությունների ժամանակ, որոնց ներկա են եղել պատկառելի թվով թուրքեր, որևէ թուրք որևէ վարկաբեկիչ ակցիա չի արել, տհաճ հարցեր չի տվել, բացառությամբ, երբ եղել են «անհամ հարցեր», այն էլ ոչ թուրքերի կողմից:
Նշենք, որ թեմատիկ ֆիլմերի ցուցադրությունները կազմակերպվել և անցկացվելու 7 երկրներում. Բելառուսում` «Լիստոպադ», Բուլղարիայում` Սոֆիայում 19-րդ միջազգային, Փարիզում`«Եվրոպա ֆիլմ ակտ», Գերմանիայում, Թուրքիայում` տարբեր կինոփառատոններում:
«Շատ լավ անցավ, հատկապես, երբ հանդիսատեսի 80-85 տոկոսն օտարազգիներ էին, որոնք հետաքրքրված էին հայ ժողովրդի ցեղասպանության պատմությամբ: Ֆիլմերը բավարարեցին բոլորի հետարքրքությունը` պատմական ճշմարտությունն իմանալու: Ֆրանսիայի, Գերմանիայի լավագույն թերթերում լուրջ հոդվածներ եղան»,- նշեց Հարություն Խաչատրյանը:
Նրա խոսքով` Բելառուսում կինոփառատոնի բացման պաշտոնական արարողությանը ներկա են եղել այդ երկրում հավատարմագրված բոլոր դեսպանները` բացառությամբ Թուրքիայի։
Սոֆիայի միջազգային կինոփառատոնի ծրագրում ընդգրկված է եղել երեք ֆիլմ՝ Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձը», Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» և Ֆաթիհ Աքինի «Սպի»-ն: Սոֆիայից զատ ցուցադրություններ են կազմակերպվել նաև Բուլղարիայի Պլովդիվ և Վարնա քաղաքներում:
Կինոծրագիրը կամփոփվի հունիսի 19-26–ը Մոսկվայի միջազգային կինոփառատոնում:
Այս տարի կինոծրագիրն անցկացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՀՀ Մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի առիթով:
«Այլևս երբեք» նախագծի համակարգող Րաֆֆի Մովսիսյանն էլ նկատեց, որ այն երկրներում, որոնք պաշտոնապես չեն ընդունել Հայոց ցեղասպանությունը, նման ցուցադրությունը լուրջ քաղաքական ակցիա է:
Ըստ նրա` ֆիլմերի ընտրությունը կատարվել է հետևյալ կերպ. նախ գեղարվեստական խորհուրդները Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմերից, ներառյալ վավերագրականներն ու հեռուսատատեսյինները, ընտրել են 30 ֆիլմ, որոնցով էլ ամեն երկրի համար առանձին ծրագրեր են կազմվել:
«Հայ թուրքական» կինոպրոյեկտի համակարգող Սուսաննա Խաչատրյանն էլ ներկայացրեց, որ կինոփառատոններին ցուցադրված ֆիլմերին ներկայացվել են ոչ միայն նոր, այլև «կլասիկ» ֆիլմեր. Բագրատ Հովհաննիսյանի «Հնձանը», Սերժ Ավետիքյանի ֆիլմերը և այլ ֆիլմեր։










