Մոնիկա Բելուչին հպարտանում է իր փարթամ կազմվածքով
Աստղային աշխարհում ընդունված է կիսվել նրբագեղության գաղտնիքներով, և, կարծես, յուրաքանչյուր դերասանուհի ունի ավելորդ քաշը նվազեցնելու իր միջոցը։ Սակայն ոչ բոլոր հայտնիներն են նիհարությունը համարում գեղեցկության չափանիշ։
Օրինակ՝ իտալացի գեղեցկուհի Մոնիկա Բելուչին «7 Дней»-ի հետ զրույցում ասել է, որ երբեք չի ցանկացել փոխել իր կազմվածքը հանուն նորաձևության։
«Ես հպարտանում եմ իմ չափերով։ Եվ երբեք չեմ ձգտել նիհար լինել։ Ես նիհարությունը գեղեցիկ չեմ համարում։ Իհարկե, շատ բան կախված է նաև տեսակից, կազմվածքից։ Ոմանք պարզապես ծնված են նիհար լինելու համար, և եթե դա բնական է, ապա միշտ էլ գեղեցիկ է։ Իսկ եթե նիհարությունն անհավանական ջանքերի արդյունք է, իսկ դուք բնականից օժտված եք փարթամ կազմվածքով, ապա չեմ կարծում, որ փոխվելն իմաստ ունի»,- կարծում է դերասանուհին։
Նա նշել է, որ չափազանց ծույլ է ամենօրյա ֆիզիկական վարժություններով իրեն տանջելու համար և չի այցելում մարզասրահ։ Բացի այդ, նա շատ է սիրում իտալական ուտեստներ և աղանդեր։
«Մակարոն և շոկոլադ՝ առանց դրանց ես չեմ կարող։ Ընկերներիս հետ գնում եմ ռեստորաններ և ոչնչից ինձ չեմ զրկում։ Միակ բանը, որ այս դեպքում օգնում է՝ չափավորությունն է և չափաբաժինը վերահսկելը»,- նշել է Բելուչին։










