Եվգենի Կիսինը Ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգ կտա «Քարնեգի հոլում»
Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ կտա Նյու Յորքի հեղինակավոր «Քարնեգի հոլ» համերգասրահում:
Ինչպես նշում է asbarez.com-ը, համերգը կկայանա Նյու Յորքում` մայիսի 26-ին: Տաղանդավոր դաշնակահարի կարծիքով՝ երաժշտությունը, որը հեռու է աշխարհաքաղաքական մանյովրներից, կարող է Արևմուտքի հասարակությանը պատմել 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին ողջ ճշմարտությունն ու օգնել, որ աշխարհը ձգտի ավելի ներդաշնակ դառնալուն:
«100 տարի առաջ Թուրքիայում սպանվեց 1.5 մլն մարդ` միայն հայ լինելու համար։ Տարիներ անց այս ոճրագործության չճանաչումն ուղի հարթեց Ադոլֆ Հիտլերի համար, ով մահապատժի ենթարկեց 6 մլն հրեայի:
Ցեղասպանությունները չպետք է մոռացվեն: Ես մասնակցում եմ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգին ո՛չ միայն 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու, այլև՝ աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնելու հայերի հետ պատահած սոսկալի դժբախտության մասին»,-ասել է Կիսինը:
Աղբյուրը մանրամասնում է, որ համերգային ծրագրի շրջանակում դաշնակահարը կկատարի Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունները, ինչպես նաև՝ Կոմիտասի «Կռունկը»:










