«Նաիրիտ, պարտքի մարում». նախագահականի դիմաց տեղի ունեցավ նաիրիտցիների երեքշաբթիօրյա բողոքի ակցիան

12:34 • 02.06.15

Ինչպես յուրաքանչյուր երեքշաբթի, այսօր նույնպես ՀՀ նախագահի նստավայրի դիմաց «Նաիրիտ» գործարանի նախկին և ներկա աշխատակիցները ակցիա  էին անցկացնում՝ «Աշխատավարձի պարտքի մարում», «Գործարանի վերագործարկում» կարգախոսներով: Շատերը եկել էին սպիտակ տրիկոտաժե շապիկներով, որոնց վրա գրված էր` պարտքի մարում:


Գործարանի մամուլի նախկին քարտուղար Անուշ Հարությունյանը  Tert. am-ի հետ զրույցում ասաց. «Առայժմ ոչինչ չի փոխվել,պահանջները մնում են նույնը. աշխատավարձի վճարում, գործարանի վերագործարկում: Եվ մեր բողոքի ակցիաներն էլ շարունակվելու են այնքան, քանի այդ խնդիրները լուծված չեն»:


Նաիրիտցիների վերջին հանդիպումը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ  տեղի է ունեցել ապրիլի 17-ին, որի ժամանակ խոստացել էր հանդիպել մայիսի վերջին: «Մայիսը վերջացել է, մենք չենք հանդիպել, այս խոսակցությունից հետո որևէ նորություն չկա»,- արձանագրեց Անուշ Հարությունյանը:


Նաիրիտցիներից ոմանք հուսախաբված էին: «Այս անօրեն կառավարությունից ի՞նչ հույս» ,-ասաց սպիտակահեր մի տղամարդ:


«Մեր պայքարը արդարացի պայքար է: Զավոդը  թալանում են…»,- ասաց գործարանի աշխատակից Գարուշ Աղամալյանը, որը եկել էր նաև հոսանքի թանկացմանը վերաբերող «թանկացումը մահացու է» պաստառով: «Մի ձեռքով մի քանի ձմերուկ ենք ուզում բռնել:  Երիտասարդությունը միշտ էլ պետք է պայքարի իր իրավունքների համար»,- նկատեց  տղամարդը: