Նազարբաևը հայտարարել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի անդամակցության մասին

15:40 • 22.06.15

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երկուշաբթի օրը ժողովրդին ուղղված ուղերձում  հայտարարել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը երկրի անդամակցության մասին: Այդ մասին հաղորդվում է պետության ղեկավարի կայքում, գրում է ria.ru-ն:

 

«Այսօր Ժնևում կայացել է աշխատանքային խմբի վերջնական նիստը, որտեղ պաշտոնապես հայտարարվել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի անդամակցության շուրջ բանակցությունների ավարտի մասին: Այդ իրադարձությունը մեզ համար պատմական է:

 

Ղազախստանը կդառնա կազմակերպության 162-րդ անդամը: Աշխարհի բոլոր խոշոր տնտեսությունները Ղազախստանը ճանաչել են որպես բարենպաստ ներդրումային մթնոլորտով երկիր, որն առևտրային քաղաքականություն է վարում միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»,- ասված է Նազարբաևի ուղերձում:

 

Նրա խոսքով՝ անդամակցությունը Ղազախստանի ձեռնարկություններին հնարավորություն կընձեռի մուտք գործել արտասահմանյան շուկաներ, իսկ սպառողներին կներկայացնի ապրանքների և ծառայությունների մեծ ընտրություն:

 

Նա նշել է, որ բանակցությունները տևել են 19 տարի, կողմերը համաձայնեցրել են դիրքորոշումներն ամենազգայուն հարցերի շուրջ: «Մեզ հաջողվել է համատեղել Առևտրի համաշխարհային կազմակերպության և ԵՏՄ-ի պահանջները՝ ելնելով մեր ազգային շահերից»,- ասել է երկրի ղեկավարը: