Վիշեգրադի և ԱլԳ երկրների երիտասարդության ոլորտում համագործակցության համաձայնագիրը չի ստորագրել միայն Ադրբեջանը

19:24 • 22.06.15

Այսօր` հունիսի 22-ին, Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկել է Վիշեգրադի խմբի երկրների (Չեխիա, Սլովակիա, Լեհաստան և Հունգարիա) և Արևելյան գործընկերության երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) երիտասարդության հարցերի նախարարների առաջին համաժողովը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:


Այս պահին արդեն իսկ երկրների միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիրը: Համաձայնագիրը ստորագրվել է մասնակից ինը երկրների կողմից: Ադրբեջանի կողմից վերջին պահին առաջարկվել է համաձայնագրում ներառել մասնակից երկրների տարածքային ամբողջականությունը հավաստող համապատասխան դրույթ: Նրանից հետո, երբ մասնակից երկրները հրաժարվել են դրույթը ներառել համաձայնագրում, Ադրբեջանը պահանջել է դրույթը կցել որպես հատուկ կարծիք, որը ևս միաձայն մերժվել է: Դրանից հետո Ադրբեջանի պատվիրակությունը հրաժարվել է ստորագրել համաձայնագիրը և չի մասնակցի երիտասարդության ոլորտում Վիշեգրադի և Արևելյան Գործընկերության երկրների համատեղ ֆորմատով համագործակցությանը և ծրագրերին:


Հատկանշական է, որ համաձայնագրի ստորագրմանը հաջորդած ասուլիսի թեման դարձել է  Ադրբեջանի անհամարժեք պահվածքը այդքան կարևոր փաստաթղթի նկատմամբ և սլովակ թղթակցի այն հարցին, թե արդյոք բավարար ժամանակ ունեցել են Ադրբեջանում համաձայնագրի նախագծին ծանոթանալու համար, դահլիճը լքած ադրբեջանցի փոխնախարարի փոխարեն դեսպանատան կցորդը խուսափողական պատասխան է տվել:


Վաղը` հունիսի 23-ին, ծրագիրը կշարունակի երիտասարդական ոլորտի փորձագետների, երիտասարդական աշխատողների և հետազոտողների աշխատանքային սեմինարը՝ համագործակցության հետագա ծրագրերի մշակման նպատակով: