ԵՊՀ դիմածների թիվը նախորդ տարվա ցուցանիշից էականորեն չի տարբերվում. պաշտոնյա
ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղակալ Ժակ Մանուկյանն այսօր մամուլի ասուլիսին հայտնեց, որ Երևանի պետական համալսարան առաջին փուլով դիմել է 3448 դիմորդ: Նա ասաց, որ թեև հանրապետությունում դիմորդների թիվը նվազել է, սակայն ԵՊՀ դիմածների թիվը նախորդ տարվա ցուցանիշից էականորեն չի տարբերվում:
«Նախորդ տարի առաջին փուլով դիմել է 3601 դիմորդ: Սա վկայում է, որ ԵՊՀ-ն կարողանում է ժամանակին և կրթական որակներին համահունչ գիտելիք մատուցել մեր ուսանողներին»,- ասաց նա:
Ժակ Մանուկյանը նշեց, որ ամենապահանջված ֆակուլտետների առումով այս տարի էական փոփոխություն չկա և ամենապահանջված մասնագիտություններն են՝ իրավագիտությունը, միջազգային հարաբերությունները, հանրային կառավարումը:
«Բայց բնագիտական ֆակուլտետներում ևս աճ է նկատվել՝ օրինակ մեխանիկայի, միջուկային ֆիզիկայի, դեղագիտության գծով: Չկա ֆակուլտետ, որտեղ դիմորդ չկա»,-ասաց նա:
Ժակ Մանուկյանն ասաց, որ որքանով հետևում է՝ բոլոր առարկաների գծով բարձր միավորներ են ստանում դիմորդները, սակայն ամբողջական պատկերը հայտնի կդառնա, երբ ավարտվի քննական ողջ գործընթացը:










