ԵԽԽՎ-ն ընդունեց բանաձևը. «օկուպացիոն» բառը փոխարինվեց «ԼՂ հակամարտության մասին» բառերով

22:53 • 23.06.15

ԵԽԽՎ-ի քվեարկությանը ներկայացված «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» վերնագրով փաստաթուղթն ընդունվել է որպես բանաձև, սակայն Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքների մասին տեղ գտած «օկուպացիա» բառը փոխարինվել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին» բառերով: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց  ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ, ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ փաստաթղթում բառի փոփոխման մասին հայկական պատվիրակության ներկայացրած նախագիծը անցել է ձայների  85:78 ձայների հարաբերակցությամբ:


«ԼՂ հակամարտություն մասին բառերը ամբողջությամբ համապատասխանում են ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի բառապաշարին, այնպես էլ միջազգային ընդունված բառապաշարին:
Բանաձևն ընդունված է, սակայն նրանում այլևս գոյություն չունի օկուպացիա բառը»,- ասաց նա:


Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում այսօր քվեարկության էր դրվել Մոնիթորինգի հանձնաժողովի անդամներ Պեդրո Ագրամունտի և Թադեուշ Իվինսկու հեղինակած` «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» վերնագրով փաստաթուղթը, որում նշվում է, թե Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը:

 

Արփինե Հովհաննիսյանը նաև նշեց, որ քվեարկության դրված էին ևս մի քանի փոփոխություններ և ընթանում էր չափազանց դժվար քվեարկություն:


«Ադրբեջանական լոբբին կենտրոնացրել էր իր ողջ ջանքերը»,- ասաց նա: