Ֆրանսիայում ցեխաջրի մրցավազքի 30 մասնակից է թունավորվել

20:30 • 23.06.15

Ֆրանսիայի Նիս քաղաքում 30 մարդ, ովքեր մասնակցում էին ցեխի մեջ վազքի մրցույթին (Mud Day), թունավորվել են և տեղափոխվել հիվանդանոց: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն` The Local-ին հղումով, հունիսի 20-իրն անցկացված մրցույթին,  ընդհանուր առմամբ, 8 000 մարդ է մասնակցել:


Բժիշկները հայտնել են, որ տուժածները հիվանդանոց են տեղափոխվել  գաստրոէնտերիտով (ստամոքսաաղիքաբորբ): Այս հիվանդությունն ուղեկցվում է սրտխառնոցով, լուծով, ցավի նոպաներով: Հիվանդների առողջական վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում:


Դեռևս պարզ չէ, թե ինչպես մրցավազքի մասնակիցները  կարող էին թունավորվել: Հունիսի 22-ին միջոցառման կազմակերպիչներն իրենց պաշտոնական կայքում հաղորդագրություն են տեղադրել` հայտնելով, որ «կանեն ամեն ինչ` պարզելու համար այն պատճառները, որոնցով պայմանավորված մասնակիցների մոտ ստամոքսային խանգարում է տեղի ունեցել»:


Բժիշկների կարծիքով` նրանք, հավանաբար, պատահմամբ ցեխ են կուլ տվել, որում բակտերիաներ են առկա եղել:


Mud Day-ը` «Ցեխի օրը»,  ամենամյա միջոցառում է, որ անցկացվում է Նիսում կամ Փարիզում: Այդ օրը մասնակիցները վազում են 13 կմ տարածություն և հաղթահարում 20 խոչընդոտ, որոնց թվում` ավազե բլուրներ, արգելապատեր, ուղղաձիգ բարձունքներ, սառը ցեխաջրի լճակներ: