ԱԺ նախագահի գլխավորությամբ պատգամավորները պայմանավորվել են, որ «մինչև վերջին մարդն ազատ արձակվի»
ԱԺ-ում, ինչպես և առաջարկվել էր, խորհրդարանական ուժերը, բացառությամբ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորների, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ նիստի ընդմիջման ժամանակ առանձին հանդիպեցին և քննարկեցին այսօրվա առավոտվա միջադեպը, երբ ոստիկանները Բաղրամյան պողոտայում ջրցան մեքենայով ցրեցին խաղաղ ցույցը:
«Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ բերման ենթարկված երիտասարդների մասին է եղել խոսակցությունը և պայմանավորվածություն են ձեռք բերել հետևողական լինել, որ մինչև վերջին մարդն ազատ արձակվի:
«Ինֆորմացիային հետևում ենք, պրոցեսը գնում է, ինձ թվում է մի երկու ժամից արդեն բերման ենթարկվածները ազատ կարձակվեն, ինֆորմացիան կլինի, մնում է հետևողական լինել, և մարզերում և մայրաքաղաքում երիտասարդներին ազատ արձակել»,- ասաց նա և տեղեկացրեց, որ ձերբակալվածներ չկան:
«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, թե «կառուցողական եզրահանգման եկան»: «Մեզ համար կարևոր է, որ բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակեն: Հիմա պարոն Սահակյանի գլխավորությամբ անընդհատ հաղորդումների և ինֆորմացիայի արդյունքում, կարծում ենք երկու-երեք ժամում դուրս կգան, սա առաջին քայլերն են, հետագայում գործընթացների համար այլ որոշումներով կտեղեկացնենք»,- ասաց նա և հավելեց, թե բողոքող երիտասարդները կոնկրետ սոցիալական պահանջից ելնելով են բողոքի դուրս եկել, ուստի պետք է նրանց ազատ արձակեն:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ ժամը 14:00-ից հետո արդեն ազատ կարձակվեն բերման ենթարկված քաղաքացիները: Նա նկատեց, թե իրենք քննարկել են նաև այն կարևորագույն հարցը, որ քաղաքացիական շարժումը չկոտրվի:
«Նպատակներից կարևորագույնն այն է, որ քաղաքացիական շարժումը, որը կուսակցականացված չէ, ինքը չկոտրվի, քաղաքացիներն իմանան, որ եթե սոցիալական, տնտեսական խնդիրներ կան, կարող են ինչ-որ արդյունքի հասնել: Դրա համար շատ արագ պետք է հայտարարել, որ փախհատուցումներ լինելու են»,-ասաց նա և հավելեց թե սա արդյունք է նրա, որ գուցե հանրային քննարկումները քիչ են եղել և քաղաքացիներին չեն բավարարել, ուստի պետք է ավելի լայն քննարկումներ լինեն:
«Մենք մեխանիզմներ ենք մշակում ապագայում ԱԺ-Կառավարություն-քաղաքացիական հարաբերությունները հստակ կանոնակարգվի»,-ասաց նա:
ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ հավելեց, թե ԲՀԿ-ական մյուս պատգամավորները ոստիկանական բաժանմունքներում են, տեսնելու, թե ճնշումներ եղել են, թե ոչ: «Որոշմանը հետևողական են լինելու և սպասելու ենք, որ ի կատար ածվի»,-ասաց նա:










