Պակիստանում չափազանց շոգ եղանակի պատճառով 474 մարդ է մահացել

10:33 • 23.06.15

Պակիստանի հարավում աննախադեպ շոգ եղանակի պատճառով զոհերի թիվը հասել է 474-ի, հաղորդում է РИА Новости գործակալությունը:

 

Ավելի վաղ հաղորդվել է 200 զոհի մասին:

 

Ինչպես հայտարարել է տեղի առողջապահության վարչության ներկայացուցիչ Սաիդ Նագնեջոն՝ մոտ 300 մարդ մահացել է տապից Կարաչի քաղաքի 4 խոշոր հիվանդանոցներում: Տեղի իշխանությունների տվյալներով՝ նրանց մեծամասնությունը 50 տարեկանից բարձր է:

 

Կարաչի քաղաքում ջերմաստիճանի սանդղակը հանգստյան օրերին բարձրացել էր՝ անցնելով 45 աստիճանը: Նշվում է, որ երկուշաբթի եկած անձրևը փոքր-ինչ մեղմել է իրադրությունը:

 

Բժիշկները բնակիչներին խորհուրդ են տալիս հեռու մնալ արևի ուղիղ ճառագայթներից և կրել թեթև հագուստ: