Առավոտյան բերման ենթարկվածներն ազատ արձակվելուց առաջ նարկոդիսպանսերում արյան անալիզ են հանձնում

17:46 • 23.06.15

Ոստիկանության Կենտրոնի և Արաբկիրի բաժիններում ազատ են արձակվել գրեթե բոլոր ակտիվիստները, որոնք բերման էին ենթարկվել հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ազատ արձակված ակտիվիստներից:

 

Ոստիկանության Կենտրոնի բաժին վաղ առավոտյան բերման ենթարկված Գևորգ Խուրշուդյանը Tert.am-ի հետ զրույցում պատմեց, որ ազատ է արձակվել միայն ժամը 16-ի սահմաններում: Նա վստահեցրեց, որ բաժանմունքում ոչ իր և ոչ էլ իր ընկերների հանդեպ որևէ բռնություն չի կիրառվել:

 

«Սկզբից մի քիչ կոշտ վերաբերմունք կար, բայց հետո ամեն ինչ հանգիստ էր, անգամ հյուրասիրություն արեցին: Մեզ այցելել են պատգամավորներ, ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը Ստեփան Դեմիրճյանը, Մարդու իրավունքների պաշտպանը»,-ասաց նա։
 

Ակտիվիստը նշեց, որ բոլորը նարկոդիսպանսերում արյան անալիզ հանձնելուց հետո բաց են թողնվում:
 

Գևորգ Խուրշուդյանն ընդգծեց, որ ամենակարևորն այն է, որ իրենք երեկ հաղթանակ են տարել և պայքարը շարունակելու են մինչև վերջ:

 

Մեկ այլ ակտիվիստ՝ Արմենը, ևս վստահեցրեց, որ ոստիկանություն բաժանմունքում որևէ խոշտանգում չի եղել, պարզապես տվել են ավանդական հարցեր, հարցրել անուններ և այլն:

 

«Այսօր կրկին հանրահավաքին ենք մասնակցելու, վախի մթնոլորտ չկա, պայքարը շարունակվում է»,-ասաց նա: