Ուղիղ միացում Բաղրամյան պողոտայից
ԹԱՐՄԱՑՎՈՒՄ Է
01.31
«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները շարունակում են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ակցիան մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում: Այս պահին ակցիայի մասնակիցներից շատերը նստած են, մի մասը՝ կանգնած:
«Ինչպե՞ս կարող ենք թույլ տալ, որ մեր երկիրը ուրիշներին էլեկտրաէներգիան վաճառի կես գնով, իսկ մեզ՝ 49 դրամով»,-հայտարարեց նախաձեռնության անդամներից մեկը:
Ակցիայի մասնակիցները պարբերաբար վանկարկում են «հաղ-թա-նակ», «Հա-յաս-տան»:


00.44
Մինչև մեր նպատակին չհասնենք, այստեղից չենք գնալու. հնչեց կոչ մնալու
Ցուցարարները սկսեցին վանկարկել «Հա-յաս-տան», ինչին հետևեց, ինչպես հայտարարեց հավաքի կազմակերպիչը, շատ կարևոր հայտարարություն՝ «մինչև մեր նպատակին չհասնենք, այստեղից չենք գնալու»։
Սրան տևական հետևեցին «կա-սե-ցում» վանկարկումները, ապա զգուշացվեց՝ «ոչ մի սադրիչների չենք հետևելու, մենք հետևելու ենք մեր նպատակին»:
Տեղացած թույլ անձրևը ցուցարարներին միայն ուրախացրեց՝ «Ոչ մեկս չենք գնում, ընդամենը հովանում ենք փոքրիկ անձրևով»:
Ապա «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամը, արդեն խզված ձայնով արձանագրեց, որ մարդկանց հոծ բազմությունը վկայում է, որ առանց ժողովրդի կամքի ոչ մի կառավարություն չի կարող կայացնել ոչ մի ապօրինի որոշում:
Կազմակերպիչները հորդորում են բոլոր նրանց, ովքեր ի վիճակի են մնալ և գիշերել Բաղրամյանում, մնալ: Տեղում ձևավորվեց և հնչեց կարգախոս՝ «մը-նա-ցեք»:
Այսուհանդերձ, շատ քիչ մարդ է գնացել, մարդկանց բազմությունը ձգվում է մինչև Մոսկովյան խաչմերուկ:

00.37
Ցուցարարները Քոչարի ու Յարխուշտա են պարում, Բաղրամյան 3-ում տոնական, ուրախ մթնոլորտ է:
Ապա առաջարկվեց միասին երգել, ինչը ընդունվեց ծափերով: Քիչ հետո հայտնվեց անգամ վառած մոմով տորթ:
Ցուցարարները կատարում են նաև երգեր Ռուբեն Հախվերդյանի երգացանկից, ինչպես նաև «Գետաշեն» երգը:

23.47
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը շարժման կազմակերպիչներից հետաքրքվեց, թե ինչի համար է Բաղրամյան պողոտա բերվել էլէներգիա արտադրող շարժիչը:
Կազմակերպիչներից Արմեն Մկրտչյանը նշեց, որ բարձրախոսի համար է, որը պետք է լիցքավորել:
Նա հավատացրեց, որ այլ նպատակի չի ծառայելու: Սարքը վարձակալությամբ են վերցրել, որը ժամը 12-ին վերադարձնեն:
23.42
Շտապօգնության մեքենան մոտեցավ, և քաղաքացուն բժշկական օգնություն ցուցաբերվեց:
23.33
Բաղրամյան պողոտայում կրկին մարդ է վատացել և խնդրում են շտապօգնություն կանչել:

21.56
Ցույցի մասնակիցները նստացույցով են շարունակում պայքարել: Նրանք նստում են հենց Բաղրամյան պողոտայում և երգելով ու վանկարկումներով արտահայտում բողոքը:
21.27
Շտապօգնության մեքենան վատառողջ քաղաքացուն մոտեցավ ցուցարարների միջով:
21.20
Ցուցարարներից մեկի առողջական վիճակը վատացել է: Հավաքվածներին խնդրում են հետ գնալ և պահանջում շտապօգնություն կանչել:
20.44
Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը լրագրողներին ասաց, որ փնտրվող ցուցարար Տիգրան Մադոյանին ոչ թե բերման են ենթարկել, այլ մայրը հաղորդել է նրա անհետ կորելու մասին: Ըստ նրա՝ այնուհետև մայր ու որդի ներկայացել են ոստիկանության Շենգավիթի բաժին:
Աշոտ Կարապետյանը նշեց, որ ցուցարարի մայրը տեղյակ չէր, որ որդին Բաղրամյան պողոտայում է եղել այդ ընթացքում:
Իսկ ավելի վաղ նստացույցի մասնակիցները հայտարարել էին, որ ցուցարար Տիգրան Մադոյանը բերման է ենթարկվել:
Ի դեպ, այս պահին ոստիկանական պատնեշը կրկին գոյանում է, որը օրվա ընթացքում նոսրացել, ապա ընդհանրապես վերացել էր:
Այստեղ են նաև կենդանի պատ կազմելու նպատակով երեկ Բաղրամյան պողոտա եկած ներկայացուցիչները՝ պատգամավոր էդմոն Մարուքյանը, Թևան Պողոսյանը, լրագրող Արամ Աբրահամյանը և այլք:
20.37
Ակցիայի նախաձեռնողները ցուցարարներին բաժանեցին, իրենց խոսքով՝ քաղաքացիական հագուստով ոստիկանների նկարները, որոնք հունիսի 23-ին ուժ կիրառեցին ցուցարարների վրա:
Վաղինակ Շուշանյանը նշեց, որ բաժանում են, որպեսզի նրանց շարքերում տեսնելու դեպքում ճանաչեն և ամոթանք տան: Մի մասն այնուհետև այրեց այդ նկարները:
«Շատ մարդիկ սադրում են, եթե մեկը շիշ կամ այլ իրեր շպրտի այս ուղղությամբ, նրան այստեղից պետք է դուրս շպրտել»,-ասաց կազմակերպիչներից մեկը:
20.06
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հասարակական կարգը խախտվում է հունիսի 20-ից առ այսօր, իսկ խախտողների նկատմամբ ոստիկանությունը դրսևորում է հանդուրժողականություն, որն իհարկե վտանգավոր է:
Ըստ նրա՝ իրենք ստիպված են այդ հարցի շուրջ խոսել կարգ խախտող քաղաքացիների հետ, կարգի հրավիրել, անօրինական երթի մասնակիցներին հորդորել, որ գոնե վերադառնան Ազատության հրապարակ, սակայն՝ անարդյունք:
«Շարունակվում է մնալ անպատժելի, իրենք կարող են ամեն ստից արարքի համար հրճվել, դարձնել իրենց համար դա ուրախություն, իսկ ուժեղ է նա, ով հանդուրժող է, իրավիճակը գնահատում է սթափ, չի գնում սադրանքների»,-նշեց Օսիպյանը և օրինակ բերեց այն աղջկան, ով երեկ գցել էր փոխոստիկանապետի գլխարկը և բոլորով հրճվել էին:
Այդ քայլի համար, ըստ Օսիպյանի, աղջկան օրենքով պատիժ է սպառնում, սակայն ինքը որոշել է՝ հանդուրժող կլինի նաև այս դեպքում: «Ներելն էլ է պատիժ հասկացող մարդկանց համար, մենք ներում ենք»,-ասաց նա:
Օսիպյանը հավատացրեց, թե ոստիկանությունը չի պատրաստվում որևէ գործողությունների գնալ, չնայած որ ուժը բավարար է նույնիսկ բազմահազարանոց մասնակիցների համար:
19.48
Նախաձեռնության անդամներից մեկը հայտարարեց, որ ոստիկանությունն այսօր բերման է ենթարկել ցույցի մասնակից երիտասարդներից մեկին:
Ըստ հայտարարության, նա կենտրոնից աղբամաններ էր տեղափոխել Բաղրամյան պողոտա:
Հավաքվածները «ազատում» վանկարկումով պահանջում էին անհապաղ ազատ արձակել երիտասարդին, ում անունը Տիգրան Մադոյան է:
Նրանք կոչ արեցին, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այդ հարցով զբաղվի և նշեցին, որ ըստ նախնական տվյալների՝ նրան մեղադրում են խուլիգանության համար:
19.23
Ազատության հրապարակից մեկնարկած իրազեկման երթով ցուցարարների խումբը քիչ առաջ միացավ Բաղրամյան պողոտայում ընթացող հիմնական ցույցի մասնակիցներին: Նրանց այստեղ դիմավորեցին ծափահարություններով:
Ի դեպ, Երևանում նաև ավտոերթ է քիչ հետո մեկնարկելու, որի մասնակիցները կրկին կմիանան հիմնական ցուցարարներին:
Նույն պահանջով ակցիաներ են ընթանում նաև հանրապետության այլ քաղաքներում, մասնավորապես՝ Գյումրիում երկու օր է՝ նստացույցը շարունակվում է, Չարենցավանում մեկնարկում է ավտոերթ, բողոքի ակցիաներ են ընթանում Վանաձորում, Աբովյանում:







18.56
Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցը շարունակվում է:
Մարդկանց հոսքը գնալով մեծանում է դեպի փակ փողոց. մի մասն էլ Ազատության հրապարակից է միանում:
Մասնակիցները, հավաքվելով Ազատության հրապարակում, իրազեկման կարճ երթուղով շարժվում են դեպի Բաղրամյան 3՝ միանալու հիմնական խմբին:
Բաղրամյան պողոտայում ցուցարարների մոտ բավական ուրախ և լավատեսական տրամադրություններ են: Շոգը հաղթահարելու համար ավելի վաղ նստած ցուցարարների համար նոր եկողները ջուր են բերում և ուտելիք:
Այստեղ են նաև քաղաքական գործիչներ:




17.55
«Սանիթեք» ընկերությունը պահանջում է բոլոր աղբամանները, փոխարենը խոստանալով նույն տեղում կանգնեցնել երկու բեռնատար
Երևանում աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերությունը պահանջում է իր բոլոր աղբամանները, փոխարենը խոստանալով նույն տեղում կանգնացնել երկու բեռնատարներ առանց անվադողերի:
«Փոքր Կենտրոնն աղբի մեջ է, մենք պարտավոր ենք մաքրել, բայց առանց աղբամանների չենք կարող: Պատրաստ ենք բեռնատարները տրամադրել ձեզ՝ ձեր պաշտպանության համար»,-ասաց նա:
Հավաքված քաղաքացիները հիմնականում համաձայն չեն առաջարկին, բայց քննարկումները շարունակվում են:
Ընկերության ներկայացուցիչը նշեց, որ, ընդհանուր առմամբ, ակտիվիստները տեղաշարժել են 52 աղբաման:
17.20
«Սանիթեք» ընտրությունը եկել է իր աղբամանների ետևից. ակտիվիստները վերադարձրին մի մասը
Երևանում աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերությունը պահանջում է վերադարձնել իրենց սեփականությունը հանդիսացող գույքը՝ աղբամանները, որոնց միջոցով Բաղրամյան պողոտայում որպես բարիկադներ են կառուցել ակտիվիստները:
«Ամբողջ քաղաքը աղբի մեջ կորած է, մենք պետք է աղբահանություն իրականացնենք: Մենք հասկանում ենք, որ դուք ձեր անվտանգությունն ենք ապահովում, բայց դա մեր սեփականությունն է և դրանք թանկարժեք աղբամաններ են, որոնք պետք է վերադարձնել իրենց համապատասխան տեղերը»,- ասաց ընկերության ներկայացուցիչը:
Ակտիվիստների հետ բանակցությունների ընթացքում որոշվեց, որ հետ կվերադարձվեն աղբամանների միայն մի մասը: Պաշտպանության համար տեղադրված հիմնական աղբամանները «Սանիթեք» ընկերությունը թույլ տվեց, որ ժամանակավորապես ծառայեն իբրև բարիկադ:
15.35
Ակցիայի մասնակիցները նոր աղբամաններ են բերում Բաղրամյան պողոտա
Բաղրամյան պողոտայում բարիկադների համար ակցիայի մասնակիցները նոր աղբամաններ են բերում: Ցուցարարները ցուցադրում են ու պահանջում լրագրողներից, որ նկարահանեն և տեսնեն, որ զենք ու զինամթերք չկա՝ հետագայում խուսափելու շահարկումներից:
Նախաձեռնության անդամներից Մաքսիմ Սարգսյանը նույնպես այստեղ է, ով ևս մեկ անգամ պնդեց, որ ցույցը խաղաղ է: «Այստեղ զենքերի կարիք չունենք, մենք չենք եկել պատերազմի, եկել ենք հստակ պահանջով, մեր հավաքը բացառապես խաղաղ է»,- ասաց նա:
Ցուցարարները ազգագրական երգեր են երգում, պարում:
14:28
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիային միացել է Արագածոտնի մարզը, ինչպես նաև Ֆրանսիայի ու Գերմանիայի մի շարք քաղաքներ
Արագածոտնի մարզի բնակիչները ակցիա են սկսել ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: Այս լուրը Բաղրամյան պողոտայում հայտնեցին «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները, ինչը մեծ ոգևորությամբ ընդունվեց հավաքվածների կողմից:
«Եվ մի քանի ուրախալի լուր ունենք: Առավոտյան զանգեցին ու հայտնեցինք, որ Վաշինգտոնում երեկ Հայաստանի հյուպատոսարանի մոտ 1000-ից ավելի մարդ բողոքի ակցիա է իրականացրել ընդդեմ էլեկտրաէներգիայի թակացման: Բողոքի ցույց են անցկացվել նաև Ստրասբուրգում, Գերմանիայի ու Ֆրանսիայի մի շարք քաղաքներում»,-ասաց նախաձեռնության անդամներից մեկը:
Նա կոնսոլիդացման կոչ արեց ողջ հայությանը:
Հիշեցնենք, որ Գյումրիում ևս շարունակվում են հարցի շուրջ բողոքի ակցիաները:
13:45
Բաղրամյան պողոտա են բերվել հովանոցներ, որոնք ամրացվում են փողոցի տարբեր հատվածներում՝ արևի ճառագայթներից խուսափելու համար:
Ոստիկանությունը որևէ կերպ չի խոչընդոտում, և մարդիկ հանգիստ կարողանում եմ ամրացնել հովանոցները:
13.19
Պետք է շարունակել պայքարը, հոսանքը չպետք է թանկանա. Դավիթ Մանուկյան
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցին միացել են նաև «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամներից Դավիթ Մանուկյանը, ում համոզմամբ՝ փողոցը չպետք է բացել, քանի դեռ պահանջը չի բավարարել:
«Պետք է շարունակել պայքարը ոչ մի կերպ չպետք է ընկրկել, առանց շեղվելու, հոսանքը չպետք է թանկանա»,-ասաց նա:
Դավիթ Մանուկյանի կարծիքով՝ ճիշտ որոշում էր մերժել նախագահի հետ հանդիպումը: «Ուրախ եմ, որ բանակցությունների չեն գնացել, խոշոր հաշվով բանակցելու բան էլ չկա, կա հստակ մեկ պահանջ ոչ մի լումա թանկացում, կա՛մ բավարարում են, կա՛մ ոչ, ինչու պետք է գնան»,-նշեց նա՝ ավելացնելով, որ քանի դեռ պահանջը հստակ է՝ հզոր ճնշմամբ կհասնեն հաջողության:
Այլ հարցերի առաջ քաշելու դեպքում արդեն, ըստ Դավիթ Մանուկյանի, խնդիրը կբարդանա, գուցե գինը բարձր լինի վճարման, մարդիկ տուժեն, զոհարբերության հասարակությունը պատրաստ է, թե ոչ: Ի դեպ, նա նաև նշեց, որ պատասխանատվության հարցը պետք է բարձրացնել:
«Ոստիկանության, աշխատակիցները, ապօրինի հրաման տվողները, ոչ միայն կատարողները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ընդ որում՝ իրենց միջոցներով և ոչ թե պետական բյուջեից»,-ասաց նա:
13.02
Երիտասարդության շրջանում մտայնություն է փոխվել. Նարինե Թուխիկյան
Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը ևս միացել է ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ արդեն մի քանի օր մղվող պայքարին:
Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ կիսում է երիտասարդների մտահոգությունները և եթե անգամ չկիսեր կմիանար աջակցելու՝ ոստիկանների նախորդ առավոտվա պահվածքից հետո:
«Շատ երջանիկ եմ մեր երիտասարդության համար, զգացվում է, որ մտայնություն է փոխվում երիտասարդության մեջ: Այսօր մի սերունդ կա, որը չի կարող լինել վատը, հանդուրժել անարդարություն և մարդու արժանապատվության ոտնահարում»,-ասաց:
Իսկ նախորդ առավոտյան ոստիկանության կողմից կիրառած ուժը Նարինե Թուխիկյանը բնութագրեց իբրև ֆեոդալական ժամանակների հետևանք: «Նրանց ֆեոդալական դարաշրջանում են մնացել ու մտածում են, որ բարիկադներից այն կողմ թշնամի ժողովուրդ է կանգնած»,-ասաց նա:
12.15
Ոստիկանները Բաղրամյան պողոտայում տեղադրված աղբամաններում ստուգումներ արեցին
Այս պահին Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ոստիկանների հետ Բաղրամյան պողոտայում տեղադրված աղբամաններում ստուգումներ է իրականացնում: Վերջիններս տեղեկություններ ունեն, որ աղբամանների մեջ քարեր կան:
«Աղբամաններում շատ բան կարող է լինել, շատերը կարող են աղբ լցնել, մենք կապ չունենք դրա հետ»,- ասացին ակտիվիստները՝ նշելով, որ այնտեղ շինարարական աղբ է:
«Մենք ընդամենը եկել ենք ստուգումներ անելու»,-ասաց Վալերի Օսիպյանը՝ հաղորդելով, որ ոստիկանությունը տեղեկություններ ունի, որ այս աղբամանների մեջ կան քարեր:
«Թող ոչ մեկը վատ չզգա, այդ թվում հավաքի մասնակիցներից, քանի որ սա բոլորի անվտանգությունն է, այդ թվում՝ իրենց»,-հայտարարեց Օսիպյանը:
11:18
Ջուր և ուտելիք են բերում ցուցարարների համար
Այս պահին ջուր և ուտելիք են բերում ցուցարարների համար, մինչև որ քիչ հետո Բաղրամյան 3 կգան «Ոչ թալանին» նախաձեռնության մասնակիցները, որոնք պետք է որոշում կայացնեն, թե հետագայում ինչ է լինելու, ինչպես է շարունակվելու պայքարը:
Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում բողոքի ակցիան շարունակվում է 16 ժամից ավելի:
Ծառայություն իրականացնող ոստիկանները մեկ շարքով պատ կազմելով` փակել են փողոցը, տեղում են ջրցան մեքենան և հատուկ տեխնիկական մյուս միջոցները:
10:58
Բաղրամյան պողոտայում ոստիկանների շարքերը նոսրացել են. հնչում են ռազմահայրենասիրական երգեր
Բաղրամյան պողոտայում հերթապահություն իրականացնող ոստիկանները հերթափոխ իրականացրին: Շարքերը նոսրացել են, ընդամենը մեկ շարքով են կանգնած ոստիկանները: Հնչում են ռազմահայրենասիրական երգեր:
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արամ Մանուկյանն ասաց, թե իրենց ապօրինաբար պահել են ոստիկանության տարբեր բաժանմունքներում, զրկելով իրենց ներկա գտնվել երեկվա բողոքի ցույցին: Նրա խոսքով երեկվա ընթացքում ոստիկանության տարբեր բաժանմունքներում գտնվողներն արդեն ազատ են արձակված և շուտով կմիանան պայքարի մասնակիցներին:
««Ոչ թալանին» նախաձեռնությունը մնում է իր պահանջներին, այս ապօրինի որոշումը պետք է կասեցվի: Մեր պայքարը խաղաղ է, ոստիկանությանը կոչ եմ անում իմիտացիաներ չանել, թե այստեղ ինչ-որ զինված հակամարտություն է պատրաստվում: Բոլորին կոչ ենք անում Բաղրամյան պողոտա»,- ասաց Արամ Մանուկյանը՝ նշելով, որ մի քանի տարբերակ ունեն, բայց շուտով պայքարի մասնակիցներով հստակ կասեն, թե որոնք են իրենց հետագա քայլերը:
10:22
Լավ մարդիկ են, համառ են, ապրեն… Հովհաննես Ազոյանը` երիտասարդ ցուցարարների մասին
Գիշերը այլ մտավորականների հետ Երևանի Բաղրամյան 3-ում լուսացրած դերասան Հովհաննես Ազոյանը այսօր առավոտյան Tert.am –ի հետ զրույցում, մի քիչ հոգնած ու մի քիչ քնատ` հիացմունքով արտահայտվեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող երիտասարդների մասին` ասելով.« Լավ մարդիկ են, համառ են, ապրեն… »:
Ինչ վերաբերում է բողոքի ակցիային կոնկրետ իր մասնակցությանն ու քաղաքացիական դիրքորոշմանն այս հարցում, նա ասաց.« Էրեխեքը դուրս են եկել պայքարի մեր համար, մենք էլ եկել ենք կանգնելու իրենց կողքին»։
10:08
Ցուցարարները մերժեցին բողոքի ակցիան Ազատության հրապարակ տեղափոխելու առաջարկը
Չնայած հիմա ժամը առավոտյան 10 է, Երևանի փոխոստիկանապետ Աշոտ Կարապետյանը հայտնեց, որ իրենք ցուցարարներին ցրելու օպերացիա չեն իրականացնի: Դրանից հետո գիշերը Բաղրամյանում լուսացրած արվեստագետների ու դերասան Հովհաննես Ազոյանին եղավ առաջարկ` հանրահավաք-նստացույցը տեղափոխել Ազատության հրապարակ, սակայն այս տարբերակը ևս մերժվեց:
Հիշեցնենք, որ ոստիկանները ցուցարարների Բաղրամյան պողոտայի երթևեկելի հատվածը մինչև առավոտյան 10-ը բացելու համար ժամանակ էին տվել:
Քիչ հետո կսկսվեն ելույթները, ինչից առաջ հնչեց ՀՀ պետական օրհներգը, որը ընդունվեց ծափահարություններով:
09։54
Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը երիտասարդների մեջ տեսնում է ազնիվ մղումներ, բայց առաջարկում է բացել փողոցի բանուկ հատվածը
ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, որ առավոտյան Բաղրամյան 3 հասցեում էր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող երիտասարդների հետ միասին, նրանց կրկին առաջարկում է բացել փողոցի բանուկ հատվածը:
«Ես Ձեր ու մի շարք երիտասարդների մեջ տեսնում եմ ազնիվ մղումներ»,- ասաց նա և հորդորեց բացել փողոցը:
Սրան ի պատասխան` ցուցարարների խումբը միանշանակ պատասխանեց` «Դա չի լինի, պարոն գեներալ, կարող եք գնդակահարել մեզ»: Հունան Պողոսյանն էլ պատասխանեց.«Ձեր տարիքի մարդը նման խոսքեր չպետք է ասի… էդ ինչ խոսք է` հայ ոստիկանը գնդակահարի…»:
Երկխոսությունը շարունակվեց առաջարկով` պատմական էքսկուրսներ չանել և հիշեցումով, որ 2008 մարտի 1-ին սա եղել է:
09։32
Բաղրամյան 3 հասցեում այսօր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող երիտասարդները, որոնցից շատերը թիկնած կամ կիսքնած էին հենց փողոցի մայթերի, ճանապարհային տարբերանշանների վրա, երգեցին ազգային–ազատագրական «Զարթնի՛ր լաո, մեռնիմ քըզի» երգը:
Նրանց և ոստիկանների միջև, որպես կենդանի պատվար կանգնած էին մտավորականներ և ԱԺ պատգամավորներ` Թևան Պողոսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, «Առավոտի» խմբագիր Արամ Աբրաhամյանը, Սասուն Միքայելյանը, դերասան Աշոտ Ադամյանը, մի քանի այլ մտավորականներ:
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է։ Ցուցարարները փակել են փողոցը և պահանջում են կասեցնել թանկացման որոշումը։
Հիշեցնենք, որ բողոքի այս երկրորդ ցույց մեկնարկել է երեկ՝ Ազատության հրապարակից, որից հետո ցուցարարները երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա։
Ոստիկանությունը երեկ ցուցարարներին թույլ չի տվել հասնել մինչև նախագահական նստավայր, ինչից հետ ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան։
Երեկ երեկոյան ցուցարարները քննարկում էին ՀՀ Նախագահի հետ հանդիպման հնարավորությունը, որպեսզի նրան ներկայացնեն իրենց պահանջը, սակայն, ի վերջո, որոշվեց, որ չպետք է հանդիպեն Նախագահին։
Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն այսօր առավոտյան հայտարարեց, որ Ոստիկանությունը մինչև 10.00-ը կհամբերի, որից հետո կդիմի գործողությունների, որպեսզի բացի Բաղրամյան պողոտան։
Երեկ երեկոյան Բաղրամյան պողոտա էին եկել ինչպես շոու–բիզնեսի ներկայացուցիչներ, այնպես էլ պատգամավորներ, այդ թվում «Հանրապետական&raq
uo; խմբակցությունից։ Այստեղ էր եկել նաև կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ում ներկայությունը ցուցարարների դժգոհությունը հարուցեց. ցուցարարները պահանջում էին, որպեսզի նախարարը հեռանա այդտեղից։
Բաղրամյան պողոտայում երեկ երեկոյիան և գիշերը տեղի ունեցած իրադարձությունների մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ։
Ուղիղ եթերը՝ Azatutyun.am–ի










