Ավելի քան 700 զոհ, հազարավոր հոսպիտալացվածներ. Պակիստանում շարունակում է մոլեգնել տապը (լուսանկարներ)

12:38 • 24.06.15

Վերջին 3 օրվա ընթացքում Պակիստանում հաստատված անոմալ շոգ եղանակի պատճառով մահացել է ավելի քան 700 մարդ, մինչդեռ հոսպիտալացվածների թիվը հասել է մի քանի հազարի:

 

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, երկրի հիվանդանոցներում հայտարարվել է արտակարգ դրություն: Բժիշկները փորձում են օգնել 45 աստիճան շոգի պատճառով ինքնազգացողության կտրուկ վատթարացում ունեցած 3.000-ից ավելի մարդու:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ըստ պաշտոնական տվյալների՝ զոհերի մեծ մասը գրանցվել է 20 մլն բնակչություն ունեցող Կարաչի քաղաքում:

 

Իրավիճակն է՛լ ավելի է բարդացրել այն հանգամանքը, որ շոգը վրա է հասել մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա ընթացքում, երբ արգելվում է արևածագից մինչ մայրամուտ սնվել ու հեղուկ օգտագործել:

 

Ելնելով ստեղծված իրավիճակի բարդությունից` որոշ հոգևորականներ կոչ են արել պակիստանցիներին այս անգամ բացառության կարգով խախտել Ռամադանի օրենքներն ու շոգին դիմանալու համար նորմալ ջուր խմել, սնվել: