«Լրագրողներ առանց սահմաններին» դատապարտել է ոստիկանության կողմից լրագրողների դեմ «թիրախավորված բռնությունը»

15:10 • 24.06.15

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտում է Երևանում երեկ առավոտյան էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման դեմ նստացույց անող երիտասարդներին ուժով ցրելու ընթացքում լրագրողների դեմ Հայաստանի ոստիկանության թիրախավորված բռնությունը։ Ոստիկանությունը հարձակվել է առնվազն տասը լրագրողի վրա և գրեթե  համակարգված ձևով առգրավել կամ կոտրել նրանց սարքավորումները: Առնվազն 11 լրագրող կարճ ժամանակով բերման է ենթարկվել, ասված է կազմակերպության հայտարարությունում:

 

«Մենք ցնցված ենք լրագրողների դեմ, ովքեր պարզապես իրենց աշխատանքն էին կատարում, նման անհամաչափ ուժի կիրառումից»,- ասել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիրը:

 

«Այս թիրախավորված բռնությունն անկհայտորեն կազմակերպվել էր նստացույցը ցրելու համար ուժի կիրառումը լուսաբանելը կանխելու նպատակով: Մենք կոչ ենք արել իշխանություններին պատժել տեղեկատվության ազատության այս խախտումը, այնպես որ այն այլևս չկրկնվի»,- ասել է նա։

 

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հաստատված տեղեկություն է ստացել, որ հարձակման են ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանից Գարիկ Ազիբեկյանը և Սիսակ Գաբրիելյանը, ինչպես նաև «Արմենիա» հեռուստաընկերությունից Դավիթ Դավթյանը և Խաչատուր Եսայանը:

 

PanArmenian.net-ն ասել է, որ ոստիկանությունը հարվածել է իր լրագրող Նիկոլայ Թորոսյանին, լուսանկարիչներ Գևորգ Ղազարյանին և Կարո Սահակյանին։ Ոստիկանությունը հարվածել է նաև 1in.am կայքի համար աշխատող երեք օպերատորների՝ Կարեն Չիլինգարյանին, Հովսեփ Հովսեփյանին և Գոռ Հովհաննիսյանին:

 

Gala TV-ի լրագրող Փայլակ Ֆահրադյանն ասել է, որ բերման ենթարկվելուց հետո նա ծեծի է ենթարկվել «Երևանի ոստիկանապետի ներկայությամբ»:

 

Կարճատև ժամանակով բերման են ենթարկվել նաև «Ազատություն» ռադիոկայանից լրագրող Գարիկ Հարությունյանը, «Հայկական լուրերից» Արսեն Սարգսյանը և «Հետք»-ից Անի Հովհաննիսյանն ու Հրանտ Գալստյանը: