Սոմալիում Թուրքիայի դեսպանատան մոտ պայթյուն է հնչել, կան զոհեր
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում հզոր պայթյուն է որոտացել։ Նախնական տվյալներով՝ Թուրքիայի դեսպանատան հարևանությամբ մահապարտը պայթեցրել է իրեն մեքենայում։ Դրանից հետո դեպքի վայրում կրակահերթ է սկսվել։ Հարձակումն ուղղված է եղել Արաբական Միացյալ Էմիրությունների դիվանագետների դեմ, ովքեր եղել են թուրքական դեսպանատանը, գրում է Вести-ն։
Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով վնասվածք է ստացել 6 զինծառայող։ ԱՄԷ դեսպանը, ով, ենթադրաբար, եղել է ահաբեկիչների թիրախը, ողջ է մնացել։
Սոմալիի ոստիկանությունից հայտնել են, որ վիրավորվել է 7 մարդ։ Երեք մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչ, մահացել է։
«Մահապարտով մեքենան բախվել է զինվորական ավտոմեքենային։ Երեք մարդ մահացել է, ևս 7-ին տեղափոխել են հիվանդանոց»,- հայտնել է ոստիկանության սպա Ֆարահ Աբդիքադիրը։
Վերջին տվյալներով՝ ահաբեկչության համար պատասխանատվությունը ստանձնել է «Աշ-Շաբաբ» խմբավորումը։










