Վոլինկինի հայտարարությունը որոշ փոխզիջումների գնալու մասին է, ՌԴ-ն ժամ առաջ լուծում է պահանջում. Աղասի Ենոքյան
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությունը, որ Երևանում ստեղծված իրավիճակը «պետք է կարգավորվի բացառապես իրավական դաշտում» և բանակցությունների ճանապարհով, ենթադրում է ռուսական կողմից որոշ փոխզիջումների գնալու պատրաստակամություն:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
Հիշեցնենք, որ Վոլինկինի հայտարարության մասին հաղորդում էր «Ազատություն» ռադիոկայանը:
Իսկ այդ փոխզիջումների գնալու պատրաստակամությունը, և, հատկապես, հայտարարությունների առատությունը Աղասի Ենոքյանը պայմանավորում է նրանով, որ ռուսական կողմը զարմացած է այն թափով, որ ունեցան Հայաստանում էլէներգիայի դեմ ցույցերը:
«Եվ նրանք ցանկանում են հարցը լուծել այն փուլում, քանի դեռ խոսքը չի հասել Ռուսաստանի իշխանություններին ստեղծված իրավիճակի համար մեղադրելուն: Չմոռանանք, որ շարժման երիտասարդները դեռ խոսում են Հանրային ծառայությունների հանձնաժողովի մասին: Ոչ այն, որ այդ ամենի համար մեղավոր է Բիբինը, որ մեղավոր է Ռուսաստանը»,–ասաց նա։
Հետևաբար, ըստ Աղասի Ենոքյանի, Ռուսաստանը ցանկանում է ժամ առաջ լուծում:










