Լևոն Բարսեղյանը գիտի այլընտրանքային աղբյուրի տեղ, դրանք, ըստ նրա, հայ ժողովրդից թալանված միլիոններն են
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ, Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը գիտի այլընտրանքային աղբյուրի տեղ, որոնց անհրաժեշտությանն են հղում անում ՀՀ իշխանությունները` հոսանքի թանկացում թույլ չտալու համար:
Tert.am-ի հետ զրույցում Լևոն Բարսեղյանն առաջարկեց` «թող ժողովրդից թալանած միլիարդավոր դոլարները հանեն դարձնեն այլընտրանքային աղբյուր, կամ իրենց գրպանից հանեն` ՀԷՑ-ին կաշառք տան, որ չթանկացնեն»:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությանը, որ ՀԾԿՀ` հոսանքը շուրջ 7 դրամով թանկացնելու մասին որոշումը հնարավոր չէ վերանայել և այդ իսկ պատճառով հասարակության շուրջ 105 հազար բնակչությանը 2000 դրամ փոխհատուցում կտրվի, Լևոն Բարսեղյանն ասաց. «Հովիկ Աբրահամյանը իրադրության մասին պատկերացում չունի, իրեն թվում է, որ այստեղ ցույց են անում նրանք, որոնք ցանկանում են, որ իրենց 2000 դրամ տան: Սա 7 դրամի կռիվ չէ, իրենք սա կամ չեն հասկացել, կամ բլեֆ են անում, որ չեն հասկանում»:










