Ես կողմ եմ էլէներգիայի սակագնի հարցով բանակցություններին. ԲՀԿ պատգամավոր

20:19 • 25.06.15

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը գտնում է, որ էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ պետք է լինի մասնագիտական մոտեցում։ Tert.am-ի հետ զրույցում նա ասաց, որ կողմ է բանակցություններին։


«Եթե կա հրավեր ամենաբարձ քաղաքական մակարդակով՝ նստել սեղանի շուրջ և բանակցել, ես դրան կողմ եմ»,-ասաց նա և նշեց, որ բանակցությունները չեն կարող լինել միայն հասարակական բնույթի, այլ պետք է լինի նաև մասնագիտական և առաջարկվեն լուծումներ, թե օրինակ՝ պարտքը ինչի հաշվին փոխհատուցվի և համակարգը հասունացվի, ինչի  շուրջ ինքն իր մասնագիտական  ներուժը պատրաստ է ներդնել։

 

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ արդյունք կտա այդ բանակցությունները՝ հաշվի առնելով, որ ակտիվիստների պահանջը հստակ է՝ կասեցնել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը, իսկ վարչապետն էլ նշել է, որ սակագինը չի կարող իջեցվել, պատգամավորն ասաց. «Հնարավոր են գտնել տարբեր լուծումներ, ժամանակավոր կասեցում՝ մինչև հարցի լուծում, նոր որոշում ընդունել, գտնել բուֆերային միջոցներ՝ համատարած կոմպլեքս փոխհատուցել։ Ես հավատացած եմ, որ լուծում կա»։

 

Ինչ վերաբերում է մեր դիտարկմանը, թե կառավարությունը որոշում է ընդունել՝ նպաստները 2 հազար դրամով ավելացնել, Միքայել Մելքումյանն ասաց, որ հարցը միայն նպաստառուներին չի վերաբերում, այլ խոսքը ամբողջ ժողովրդի մասին է։