ՄԱԿ-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին ու ցուցարարներին զերծ մնալ բռնությունից և երկխոսություն սկսել
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունն իր մտահոգությունն է հայտնել ոստիկանության կողմից Երևանում հունիսի 23-ին ցուցարարների, ներառյալ՝ լրագրողների նկատմամբ կիրառված անհամաչափ ուժի մասին արժանահավատ հաղորդումների առնչությամբ։
Վարչությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել այդ դեպքերը։ Այդ մասին այսօր Ժնևում հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության խոսնակ Ռավինա Շամդասանին, ասված է վարչության պաշտոնական կայքում:
«Մինչ երկրում շարունակվում են ցույցերը (էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ-Tert.am), երկրի ղեկավարությունը պետք է ապահովի, որ ցույցերի ժամանակ ոստիկանների գործողությունները խստորեն համապատասխանեն մարդու իրավունքի միջազգային նորմերին և չափանիշներին»,- ասված է հայտարարությունում:
Կազմակերպությունը ողջունել է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը՝ «Հայաստանում ժողովրդավարությանը, հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանությանը» երկրի կառավարության հանձնառության վերաբերյալ։ «Մենք կոչ ենք անում կառավարությանն անել այնպես, որ այս հանձնառությունն արտահայտվի այս ցույցերին տրվող արձագանքում, և կոչ ենք անում բոլոր կողմերին ներգրավվել կառուցողական երկխոսության մեջ և զերծ մնալ բռնությունից»,- ասել է նա։










