Ուղիղ միացում Բաղրամյան պողոտայից (թարմացվում է)
ԹԱՐՄԱՑՎՈՒՄ Է
01.11
Մինչև մեր հարցը լուծում չստանա, ամեն օր ժամը 6-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում, ամբողջ քաղաքով անհնազանդության երթեր ենք անում՝ փողոցները փակելով. այս մասին բարձրախոսով հայտարարեց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից մեկը։
«Բայց ամեն ինչը արվելու է օրենքի սահմաններում։ Մենք Սահմանադրություն չենք խախտում, կապ չունի՝ 1000 հոգի ենք, թե 5000»,-ասաց նա։
Բաղրամյան պողոտայում անջատեցին լույսերը, ինչն ուղեկցվեց ցույցի մասնակիցների դժգոհ վանկարկումներով։ Հայտարարվեց, որ 3 րոպեից լույսերը կմիացնեն։
Այս պահին բողոքի ակցիան շարունակվում է, ակտիվիստները բացականչում են՝ «հաղթելու ենք», «հաղթանակ»:
12.32
Բաղրամյան պողոտայում շարունակվում է «Ո՛չ թալանին» նախաձեռնության պայքարն էլեկտրաէներգիայի թանկացման դեմ:
Այս պահին ցուցարարները տարատեսակ պարեր են պարում՝ քոչարի, յարխուշտա, վալս, ինչպես նաև պարեր՝ հայկական ուրախ պարեղանակների ներքո: Ժամանակ առ ժամանակ հնչում են կոչեր՝ «Մենք ենք տերը մեր երկրի»,«Հաղ-թա-նակ», «Հաղթելու ենք»:
22.54
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները շատ հստակ տեղեկություններ ունեն, որ ՀԷՑ-ի ներկայացրած հայտում սակագնի թանկացման չափը շատ ավելի քիչ է եղել, հենց՝ 6 դրամ, այլ ոչ թե 17 դրամ:
Այս մասին հայտարարվեց բարձրախոսից. «Մեր հավաստի տվյալներով՝ սրանք են շուռ տվել 17 դրամի, դրա համար Բիբինը չէր ներկայացել, որովհետև իրենք են ուզել մեջը գումար աշխատել»։
Հետևեցին «ա-մոթ, ա-մոթ» վանկարկումներ:
Լրագրողներին առաջարկվեց այս առնչությամբ հետաքննություն իրականացնել:
22.27
Վալերի Օսիպյանը զգուշացնում է՝ սկսում են վտանգներ տեսնել
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հանրահավաքի կազմակերպիչներին իր մտահոգությունը հայտնեց, որ գիշերը հայտնաբերել են ալկոհոլ, որոշ ցուցարարներ էլ եղել են ոչ սթափ:
Ապա հայտնաբերվել են ավազով տարաներ, նաև ոստիկանությանը դուր չի գալիս, որ քաղաքացիներ կան, որոնք դիմակներ են կրում:
«Քիչ-քիչ ոստիկանությունը սկսում է վտանգ տեսնել, և ես հորդորում եմ, որ դուք հավաքի կազմակերպիչներին զգուշացնեք, փորձեք ի հայտ բերել, հորդորենք այն քաղաքացիներին, ովքեր ունեն մտահղացում, զերծ մնան անօրինական գործողություններից»,-հայտարարեց Վալերի Օսիպյանը՝ զգուշացնելով, որ ի վերջո կազմակերպիչներն են հավաքի համար պատասխանատվություն կրում:
Կազմակերպիչներն էլ ասացին, որ անում են ամենը, բայց երբ կա 30 000 մարդ, ամեն ինչ վերահսկել հնարավոր չէ:
Վալերի Օսիպյանն էլ, իր հերթին, առաջարկեց մարդկանց մոլորության մեջ չգցել՝ այդքան մարդ չկա Բաղրամյանի սկզբնամասում:
Կազմակերպիչներն էլ առարկում են, որ շրջում են, ամեն կասկածելի բան բացառում են, անգամ «հատ-հատ ստուգում են ամեն ջուրը»։
Նաև ոստիկանությանը հորդորվեց իր հերթին հետամուտ լինել այս խնդիրներին, քանի որ սա միայն իրենց պարտականությունը չէ:
Ի պատասխան՝ Երևանի փոխոստիկանապետն առաջարկեց արդեն տեղափոխվել օրենքի դաշտ:
22.12
Քիչ առաջ կազմակերպիչների կողմից զգուշացվեց, որ շարքերում ինչ-որ մարդիկ են շրջում, թերթիկներ են բաժանում, տակն էլ գրված է ՝ ՀԱԿ: Հանրահավաքի կազմակերպիչները պարզել են, որ դա ոչ մի կապ չունի ՀԱԿ-ի հետ, Կոնգրեսն էլ հերքել է իր առնչությունը: Ոստի զգուշացվեց, որ սադրանքներ են, զգույշ լինեն:
Ցուցարարների ձեռքին ցուցապաստառներ են՝ «Ոչ թանկացմանը՝ Կապանում», հայտարարվեց, որ Վանաձորը նույնպես միացել է շարժմանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ միևնույն է՝ ՀԾԿՀ որոշումը չի բեկանվելու:
«Մենք մեր ասածի տերն ենք, մենք մեր որոշման տերն ենք ու չենք գնալու, մինչև չբեկանեն»,-ի պատասխան՝ հայտարարում են ցուցարարները:
«Այսօր առավոտյան կառավարությունում ինչ-որ նիստ է գումարվել և վարչապետը հայտարարել է, որ չի բեկանվելու որոշումը, իսկ սոցիալապես անապահով խավի համար երկու հազար դրամով թոշակ է ավելացնելու»,-բարձրախոսից հայտարարեց ակտիվիստը ու հարց տվեց՝ երկու հազար դրամով մինչև կանգառ կարողանո՞ւմ ենք հասնել:
Սրան հետևեցին վանկարկումներ՝ «չե-ղար-կում»։
«Չեղարկեք էս անտեր որոշումը, մենք մեր առաջ քաղաքական հարցեր չենք դնում, իշխանափոխության հարցեր չենք դնում»,-նորից կոչ արվեց ՀՀ Նախագահին:
Կազմակերպիչներից մեկն էլ բարձրախոսով հայտարարեց, որ իրենց համբերությունն անսահման չէ:
Ապա հնչեցին առաջարկները՝ սակագնի կասեցում և մի նոր պահանջ՝ պատասխանատվության ենթարկել այն ոստիկաններին, որոնք հունիսի քսաներկուսին «տշում էին» ցուցարարներին:
21.01
Քիչ առաջ մի միջադեպ գրանցվեց. «Ոչ թալանին» կազմակերպության անդամները մի երիտասարդի մոտ հայտնաբերեցին մի քանի տուփ գարեջուր, որը նա սայլակով տանում էր մարդկանց միջով:
Երբ երիտասարդները նրան կանգնեցրին, վերջինս ասաց, որ առաքիչ է և գարեջուրը տանում է մոտակա բարերից մեկը: Սակայն, քանի որ նա ապրանքի համար փաստաթղթեր չուներ, երիտասարդները հրավիրեցին ոստիկաններին: Վերջիններս ասացին, որ երիտասարդի ասածի ճշմարտությունը շատ հեշտորեն կպարզվի տվյալ բարի տիրոջը հարցում անելով:
Սակայն «Ոչ թալանին» -ի երիտասարդները պահանջում են,որ բարի տերը ոչ միայն խոսքով հաստատի առաքիչի ասածները, այլև իր ապրանքները ստանա հաշիվ-ապրանքագրով:
Ի վերջո եկավ բարի տերը և հաստատեց առաքիչի խոսքը՝ նշելով, որ հաշիվ ապրանքագիրը ուղարկվել է առցանց։
20.44
Ռուս լրագրողը Երևանի փոխոստիկանապետ Վ. Օսիպյանին հարցրեցին՝ արդյո՞ք ՀՀ ոստիկանությունը տրամադրված չէ հատուկ միջոցներ կիրառելու
Այս օրերին Հայաստանում գտնվող ռուսական լրատվամիջոցներից մեկի լրագրողը մոտեցավ Երևանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և հարցրեց՝ ո՞րն է ՀՀ ոստիկանության դիրքորոշումը հոսանքի թանկացման հարցի հետ կապված և արդյո՞ք տրամադրված չեն հատուկ միջոցներ կիրառելու:
Ի պատասխան՝ Վալերի Օսիպյանն ասաց. «Հայաստանի ոստիկանությունը դեռևս ոչ մի բան չի ձեռնարկում, ինչպես տեսնում եք` ցուցարարների գործողություններն այս պահին խաղաղ են, թեև ոչ օրինական: Բայց ուզում եմ հավաստիացնել, որ հատուկ միջոցների մասին խոսք լինել չի կարող»։
Հայ լրագրողներին Վալերի Օսիպյանը հայտնեց, որ «Սամուրայ» բարի մոտ` ցուցարարների մոտ հայտնաբերվել են ինչ-որ ավազով լի շշեր, որոնք առգրավվել են ոստիկանության կողմից:
Իսկ ավելի ուշ ինչպես նաև գարեջրի շշեր են տեսել ցուցարարների մոտ և հավաքի կազմակերպիչներին խնդրել են դրանք փոխանցել ոստիկանությանը:
20.37
Վալերի Օսիպյանը երիտասարդներին առաջարկեց սեփական ուժերով կազմակերպել աղբահանությունը
Քանի որ աղբ տեղափոխելու համար Բաղրամյան 3 եկած «Սանիտեք» ընկերության աղբահավաք մեքենայի վրա մի քանի երիտասարդներ էին բարձրացել, Երևանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը դա անթույլատրելի համարեց, ապա առաջարկեց, որ երիտասարդները սեփական ուժերով իրականացնեն աղբահանությունը, ինչին ի պատասխան հավաքի կազմակերպիչները հայտնեցին, որ իրենք պայմանավորվել էին աղբահավաք ընկերության հետ, որ իրենց նախապես զգուշացնեն, իրենք բարձրախոսով հայտարարեն, որ մեքենաների համար ճանապարհ բացվի, ինչը, սակայն, չէր եղել:
Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ այսուհետ այդպես կլինի, և հարցրեց, որ եթե մի բան պատահի տեխնիկայի հետ, ո՞վ է պատասխան տալու:
Դիմելով իր ասածներին առարկող աղջիկներից մեկին` Երևանի փոխոստիկանապետը նկատեց. «Ողջունում ենք խիզախ աղջիկներին, դուք խիզախ գլխարկ թռցնողներ եք, խիզախություն եք անում, այնպես որ ինքնուրույն կարող եք կազմակերպել աղբահանության հարցը»:
Երիտասարդներն էլ հայտարարեցին, որ մեքենայի վրա բարձրացածներն իրենց կողմից զգուշացվելուց հետո իջել են, իսկ բարձրացել էին, քանի որ մեքենան արագ քշել էր մարդկանց վրա, վերջիններս էլ «տարօրինակ ռեակցիա էին տվել»:
19.28
Ցուցարարները ծաղկեպսակ բերեցին և տեղադրեցին Բաղրամյան փողոցի մեջտեղում՝ աղբամաններից իրենց կառուցած պատնեշի և ոստիկանական մետաղյա ցանկապատի միջև։ Նրանք վանկարկում են՝ ո–ղոր–մի։

18.56
Մի խումբ քաղաքացիներ, որոնց մեջ են նաև Հիմնադիր խորհրդարանի վարչության անդամներ Գարեգին Չուգասզյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Մաշտոցի պողոտայով դրոշակներ պարզած իջնում են դեպի Բաղրամյան պողոտա՝ միանալու ցուցարարներին։ Նրանց վանկարկում են «Հայաստանը մերն է»։
18։26
«Ոչ թալանին» կազմակերպության անդամները ցուցարարներին նախազգուշացրեցին` շարժման անելիքների, հետագա քայլերի, և, առհասարակ, այն ամենին մասին, ինչն առնչվում է այս պայքարին, որպես պաշտոնական աղբյուր ընդունել միայն այն հայտարարությունները, որոնք հնչում են Բաղրամյան 3-ից `բարձրախոսով:
Նրանք նաև նշեցին, որ այս պարագայում պետք չէ հավատալ անգամ ինտերնետային կայքերին ու այլ լրատվամիջոցների:
18։09
Անձրև է սկսվել, բայց Բաղրամյան պողոտայի ցուցարարները տուն գնալու մտադրություն չունեն: Մասնակիցները անձրևից պաշտպանվում են մեծ ցելոֆաններով, մի մասն էլ պատսպարվել է ծառերի տակ, իսկ մի մասն ուղղակի պարում է անձրևի տակ։



18:06
Թող վերցնեն այդ 2000 դրամը ու… Կարգին Հայկոն` սոցիալապես անապահով խավերին կառավարության փոխհատուցում տալու մասին
Դերասան, պրոդյուսեր Հայ Մարությանը (Կարգին Հայկո) Բաղրամյան 3–ում հավաքված ժողովրդին պառակտելու փորձ է համարում ՀՀ վարչապետի հայտարարությունը, որ սոցիալապես անապահով շուրջ 105 հազար մարդու 2000–ական դրամով կփոխհատուցեն էլեկտրաէներգիայի թանկացման դիմաց:
«Ես հանդիպել եմ նման մարդկանց հետ, որոնք ասացին, որ իրենց պետք չեն այդ 2000-ական դրամները, թող վերցնեն այդ 2000-ական դրամները… ու … մի խոսքով»,- Tert.am-ին ասաց Հայկ Մարությանը, ով առաջին իսկ օրվանից միացել է շարժմանը:
Հայկ Մարությանն այս առնչությամբ նաև ասաց. «Ինձ թվում է` սա լուծում չէ, ավելին` սա փորձ է պառակտելու ժողովրդին, որպեսզի այն մարդիկ դուրս գան այդ պայքարից»:
Նրա գնահատմամբ` կառավարությունը պետք է հետևություն անի նրանից, որ ամեն օր նախորդի համեմատ 1.5-2 անգամ ավելի շատ մարդ է գալիս Բաղրամյան պողոտա:
«Ես ընտանիքով եմ գալիս, երեխաներով, որ ոստիկանությունը տեսնի, որ ցույցը խաղաղ է լինելու երեխաներով, և սա մեսիջ է, որ ուժ չգործադրվի»,- նշեց Հայկ Մարությանը:
Ըստ նրա հիմա հասել է այն պահը, երբ ասում են` դանակը հասել է ոսկորին, և ժողովուրդը կիզիչ շոգին Բաղրամյան 3-ում է ոչ նրա համար, որ դուր է գալիս, այլ որ եկել է ասելու, որ «այլևս չենք կարող»:
Հայկ Մարությանը նաև կոչ արեց կառավարությանը` մտածել` որտեղից են ճարում այդ գումարները:


16:05
Ակտիվիստները Բաղրամյան 3-ում կավճանկարչություն են անում
Տապի սաստկացման պատճառով մարդկանց շարքերը Բաղրամյան 3 պողոտայում նոսրանում են, ինչի պատճառով այս պահին կաթվածահար երթևեկելի հատվածում ազատ տարածություններ են գոյացել, որոնք ակտիվիստները օգտագործում են կավճանկարչության համար: Կա նա գրություն` «Կեցցե ՀԷՑ-ի հանրայնացումը»:
Մի քանի հատվածներում շարունակվում է ազգային երգերի ու պարերի կատարումը:


15:18
Բաղրամյան փողոցում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
Քիչ առաջ Բաղրամյան փողոցում, երբ երիտասարդները շարունակում էին երգել, ցուցարարներից մեկ տեղեկացրեց, որ քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։
Մինչ շտապօգնության ժամանելը մարդիկ փորձում էին օգնել միջին տարիքի տղամարդուն։ Երբ մոտեցավ շտապօգնությունը, բժիշկը նրան ուշքի բերեց, ապա տեղափոխելով շտապօգնության մեքենա օգնություն ցուցաբերեց։
Հիմա ակտիվիստները շարունակում են իրենց ակցիան։
14.22
Մեծերը սովորելու բան ունեն Բաղրամյան պողոտայի երիտասարդներից. Աշոտ Աշոտյան
Կարատեի ֆեդերացիայի պատվավոր անդամ Աշոտ Աշոտյանը Բաղրամյան պողոտա է եկել կիմոնոյով, բայց ոչ մարտական տրամադրությամբ:
«Սա մարտական չէ, սա պարապմունքային է, տարբերությունը պետք է զգալ: Մարտական ո՞ւմ հետ մենք մարտ ունենք այստեղ անելու, մարտական է, երբ որ երկու հավասարազոր հակառակորդ իրար հանդիպում են, ես այս կիմոնոյով էն ջրցան մեքենաների հետ ի՞նչ պետք է անեմ, ընդամենը պետք է դեմները կանգնեմ, հովանամ, մինչև հոգնեն, ջուրն էլ պրծնի»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Աշոտ Աշոտյանը նշեց, թե եկել է երիտասարդների կողքը կանգնի, և հավելեց՝ մեծերը սովորելու բան ունեն:
«Երիտասարդները դուրս են եկել իրենց սոցիալական հարցը լուծելու, այսինքն՝ հոսանքը թանկացնում են, որը մենք չենք կարողանում լուծել, մթի մեջ ապրե՞նք, չենք ուզում մթի մեջ: Խնդիրները առաջնում են по мере поступления, թող լուծեն երեխեքն էլ հասկանան: Համ էլ թող մեծերն էլ գան, սովորեն երիտասարդներից, թե ինչպես պետք է պայքարել, մենք իրավունք չունենք հետ քայլ անել»,- ասաց նա:
Կարատեիստը նշում է՝ սոցիալական խնդիր է բարձրացված, «մայդան» չի, հարցը պետք է և կարող են լուծել: «Ասում ենք՝ ձեր պարտքերը դո՛ւք տվեք, ջեբներս մի՛ մտեք, մենք սկի մեր պարտքերը չենք կարում տալ: Էս են ասում, վա՞տ են ասում մեր երեխեքը: Տեսեք ինչ երիտասարդ են, ինտելիգենտ, պատրաստված, կրթված, կարգապահ»,-ասաց նա:
14.02
Բաղրամյան 3–ում հավաքված ցուցարար երիտասարդները ջրոցի են խաղում` դույլերով ու շշերով իրար ջրելով։
Քիչ առաջ նրանց զգուշացվեց, որ շշերով ջրերը խմելու համար են և պետք չէ օգտագործել այլ նպատակներով։
11։25
Բաղրամյան պողոտայում զոհված զինծառայողների ծնողներն այս պահին ուզում են ոստիկանության պատնեշն անցել՝ նախագահական նստավայրի դիմաց իրենց հերթական բողոքի ակցիան անելու:
Ծնողները աղբամանների պատնեշն անցել, կանգնել են ոստիկանական պատի մոտ: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նրանց հորդորում է այսօր չանել այդ ակցիան, այն տեղափոխել մեկ ուրիշ օր՝ հաշվի առնելով առկա իրավիճակը:
«Ուղղակի խնդրում եմ ձեզ, այսօր մի՛ արեք այդ ակցիան, տեղափոխեք այն մեկ ուրիշ օր»,-համոզում է Վալերի Օսիպյանը:
10:46
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանելով քաղաքացիների հարցերին, թե ինչո՞ւ Բաղրամյան պողոտայում նստացույցի առաջին օրը, երբ պատգամավորներ ու դերասաններ չկային ցուցարարների մոտ, գիշերային ժամերին փողոցի լույսերն անջատեցին, ասաց, թե պատգամավորները իրենց չեն դիմել լույսերի միացման համար:
«Նախաձեռնության անդամներն են դիմել մեզ: Ոստիկանությունը միջնորդել է քաղաքապետարանին և հաջորդ օրն արդեն գիշերվա ընթացքում լույսերը չեն անջատվել»,-ասաց Վալերի Օսիպյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը, երբ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները որոշեցին չվերադառնալ Ազատության հրապարակ և իրենց պայքարը շարունակել Բաղրամյան պողոտայում, գիշերվա ժամերին փողոցի լույսերն անջատվեցին:
10։41
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը տեղեկացրեց, որ ոստիկանները շրջում են մարդկանց միջով և հավաքվածների անվտանգությունը պահպանում: «Որպեսզի և՛ մեր խիղճը հանգիստ լինի, և՛ ձեր անվտանգությունը պահպանվի»,- ասաց նա:
Օսիպյանը նշեց, թե հունիսի 20-ից մինչ այսօր հավաքներն ու երթերը առ այսօր անօրինական են, բայց «տեսնում ենք, որ հավաքը խաղաղ բնույթ է կրում, չենք ուզում ավելորդ լարվածություն ստեղծել, քայլեր չենք ձեռնարկում, չնայած որ օրենքով այս իրավունքը ոստիկանությանը վերապահված է»:
Ի դեպ, նա նշեց, որ կանխել են հրահրումներն ու սադրանքները, ինչպես նաև սովորական ջրի տարրաների մեջ ոգելից է եղել, որը ևս կանխվել է:
Հարցին, թե համակարծիք է որոշ պատգամավորների հայտարարությունը, թե իրենք կենդանի պատ կազմելով կանխել են ոստիկանության վրա հարձակումները, նշեց, որ այդպես չէ, քանի որ մինչև կենդանի պատը կանգնելը ոստիկանությունը բազմիցս հայտարարություն է արել, որ ոստիկանությունը չի պատրաստվում ուժ կիրառել:
Երևանի Բաղրամյան Պողոտայի սկզբնամասում արդեն 3-րդ օրն է, ինչ ընթանում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի խաղաղ ակցիան։
Ցուցարարները ողջ գիշեր եղել են Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով կասեցնել էլեկտրաէներգիան թանկացնելու որոշումը։ Մինչև ուշ գիշեր նրանք նաև երգում էին և պարում։
Բաղրամյան պողոտայում կա երկու ջրցան և ոստիկանական մի քանի այլ ավտոմեքենա։ Այստեղ է նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
Բաղրամյան պողոտայում հունիսի 24-ին իրադարձությունների մասին կարող եք կարդալ այստեղ։
Հիշեցնենք, որ հունիսի 22-ի գիշերը լույս 23-ի առավոտը ոստիկանությունը ջրցան մեքենաների կիրառմամբ ցրեց բողոքի ակցիան, 237 մարդ բերման ենթարկվեց, որոնք ավելի ուշ ազատ արձակվեցին։
Ուղիղ միացումը՝ Azatutyun.am–ի
Կարևոր փաստեր Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիայի մասին
• «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունն առաջարկել էր էլեկտրաէներգիան թանկացնել 17,08 դրամով, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումով սակագինը բարձրացել է 6,93 դրամով մեկ 1 կՎտ/ժ-ի համար, որոշումն ուժի մեջ պետք է մտնի օգոստոսի 1-ից
• «Ոչ թալանին» նախաձեռնությունն անցած շաբաթ մի քանի օր նստացույց էր կազմակերպել Երևանի Ազատության հրապարակում։ Հունիսի 22-ին ցուցարարները շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա և փակեցին այն
• Հունիսի 23-ի առավոտյան՝ ժամը 06։30-07։00-ի սահմաններում ոստիկանությունը ցրեց բողոքի ակցիան՝ օգտագործելով ջրցան մեքենաներ, բերման ենթարկվեց 237 մարդ, որոնք ավելի ուշ ազատ արձակվեցին
• Ոստիկանները, այդ թվում՝ քաղաքացիական հագուստով, ուժ կիրառեցին նաև մոտ մեկ տասնյակ լրագրողների նկատմամբ՝ վնասելով նրանց տեխնիկան, առայժմ այս փաստերի առթիվ քրեական գործ չի հարուցվել
• Ցուցարարները հրաժարվել են ՀՀ Նախագահի հետ հանդիպումից
• Ռուսաստանի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ Հայաստանում ցուցարարներն ու իշխանությունները փոխզիջման կհասնեն
• Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է ոստիկանների կողմից ջրցան մեքենաների կիրառումը խաղաղ ցուցարարների դեմ
• «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտել է ոստիկանության կողմից լրագրողների դեմ «թիրախավորված բռնությունը»
• Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Երևանում ցուցարարների և լրագրողների դեմ ոստիկանության կիրառած բռնությունը










