Այն, ինչ ունենք ՀԷՑ-ի այսօրվա սեփականատիրոջ պարագայում, վերանայման ենթակա չէ. Վահրամ Բաղդասարյան

19:36 • 25.06.15

Այն, ինչ ունենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» -ի այսօրվա սեփականատիրոջ պարագայում, վերանայման ենթակա չէ. Tert.am-ին այս մասին ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հիշեցնելով. «Հանձնաժողովը կատարել է իր ուսումնասիրությունը, իր եզրահանգումը տվել է, մենք ուսումնասիրել ենք. այն, ինչ ունենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» -ի այսօրվա սեփականատիրոջ պարագայում, վերանայման ենթակա չէ: Այլ խնդիր է՝ ուրիշ միջոցներ ներգրավվել, և այն 24 միլիարդը, որն ունեցել է իր ազդեցությունը թանկացման վրա, գտնվի և փոխհատուցվի»:


Ի պատասխան հարցի, թե գնո՞ւմ են այդ գումարները հայթայթելու վերաբերյալ խոսակցություններ, Վահրամ Բաղդասարյանն առաջարկեց այս հարցի պարզաբանման համար դիմել կառավարություն, բայց ավելացրեց, որ բոլոր հնարավոր տարբերակները քննարկվում են:


Սա նշանակու՞մ է արդյոք, որ Վահրամ Բաղդասարյանը հասկացնել է տալիս, որ եթե սեփականատերը փոխվի, ապա հնարավոր է նաև հոսանքի սակագնի չբարձրացում:


Ըստ Վահրամ Բաղդասարյանի` նշանակում է, որ ինքը ոչ մի բան չի բացառում:


«Եթե կլինի նոր սեփականատեր, նոր պայմաններ , նոր բանակցություններ կլինեն, դա այլ խնդիր է: Բայց ուզում եմ հիշեցնել, որ այժմյան սեփականատերը ներկայացնում է 17 դրամի հայտ, որը հանձնաժողովն աբսուրդ է համարել և դրանից հաստատել է 6.93 դրամ, որին այս սեփականատերը չի համաձայնվում: Իսկ եթե նորը կլինի` կլինեն նոր բանակցություններ»,–ասաց նա։


Ինչ վերաբերում է նրան, որ հայտարարություններ հնչեցին, որ կառավարության 2000 դրամ սուբսիդիաները պետք չեն իրենց և որ երիտասարդները այդ 7 դրամի համար չեն պայքարում, ապա ՀՀԿ խմբակցության ղեկավարը ասաց. «Դե թող պայքարեն երիտասարդները, ո՞վ է խանգարում: Ու եթե ինչ-որ մեկին թվում է, որ մենք քնելուց սպասում ենք, թե առավոտ շուտ երբ պետք է զարթնենք՝ թանկացնենք, ապա...»:


Իշխող կուսակցության ներկայացուցիչը տեղյակ չէ` ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը գնու՞մ է ցանցերը, թե ոչ, քանի որ ասաց, որ Սամվել Կարապետյանը ՀՀԿ անդամ չէ, որ ինքն այդ մասին իմանա:


«Եթե կլինի նոր սեփականատեր, կամ նոր կարգավիճակ կլինի… հանրայնացումն էլ է տարբերակ, եթե կա հանրայնացում, առանց սեփականատիրոջ համաձայնության դա իրավական խախտում է… որևէ մեկը իրավունք չունի: Այդ երիտասարդները, ես զրուցել եմ հետները, շատ լավ մարդիկ են, բայց ի՞նչ անենք՝ այդ երիտասարդների խաթեր օրենք-մօրենք, ամեն ինչ տապալե՞նք, ասենք՝ մեր երիտասարդների պատիվն ենք պահպանում»,-հավելեց նա։


Ինչպես հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը , հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը գործադրված ուժի կիրառման հարցով ծառայողական հետաքննություն անցկացվում է և, հետևաբար, նման կոչ անելու անհրաժեշտություն չկա:


«ՄԱԿ՞-ը պետք է կոչ անի , որ հետաքննենք, ծառայողական քննություն է գնում, դա իրավապահների գործն է»,-ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավարը` այսօր ՀՀ իշխանություններին ուղղված՝ Միացյալ ազգերի կազմակերպության կոչի կապակցությամբ: