Կոլումբիայի բնակչուհին ու նրա նորածին երեխան հրաշքով ողջ են մնացել վայրի ջունգլիներում (լուսանկար)

12:27 • 26.06.15

Կոլումբիայի հյուսիս-արևմտյան հատվածում օրեր առաջ տեղի ունեցած ողբերգական ավիաաղետից հետո երիտասարդ մայրն ու նրա նորածին որդին հայտնվել են վայրի ջունգլիներում ու հաջողացրել մի քանի օր ողջ մնալ, մինչև որ նրանց հայտնաբերել են փրկարարները:



Ինչպես հայտնում է english.alarabiya.net-ը, 18-ամյա Նելլի Մուրինոն իր որդու հետ հրաշքով ողջ է մնացել ավիավթարից հետո, իսկ հետո նույն հրաշքով խիստ վտանգավոր ջունգլիներում չի դարձել բազմաթիվ գիշատիչների զոհը:

 

Փրկարարները նշել են, որ 2-ին գտել են ինքնաթիռի կործանման վայրից ոչ հեռու: Հետաքրքրական է, որ դա եղել է աղետի վայրում որոնողափրկարարական թիմի վերջին աշխատանքային օրը: Նրանց պատմելով՝ մայրն ու որդին ստացել են չնչին վնասվածքներ և այժմ հոսպիտալացվել են:

 

«Սա ուղղակի հրաշք է: Տեղի ունեցածը բնութագրելու համար այլ բառեր չեմ գտնում: Ե՛վ ավիավթարն էր սոսկալի, և՛ տվյալ տեղանքն է անչափ վտանգավոր»,- ասել է փրկարարական ջոկատի ղեկավարը: