Որպես փոքր հասարակություն Հայաստանն ունի շահերի բախման խնդիր. փորձագետներ
Շահերի բախումը Հայաստանում թիվ մեկ խնդիրներից մեկն է` օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, այս մասին «Հանրային ծառայություններում շահերի բախում. առկա խնդիրներ» թեմայով քննարկմանը հայտարարեց «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» ծրագրի համակարգող Միքայել Հովհաննիսյանը:
«Եվ օբյեկտիվ պատճառը Հայաստանի փոքր հասարակությունն է, այսինքն` հորիզոնական կապերի ակտիվ գործելը, ինչի արդյունքում շահերի բախման վտանգը ավելի մեծ է, քան երկրներում,որտեղ հասարակություններն ավելի մեծ են»,- ասաց նա:
Ո՞րն է շահերի բախման մասին ընկալումը, ի՞նչ է այն և ի՞նչ իրազեկում կա. կազմակերպությունը այս հարցերի պատասխանները ստանալու համար 7 նախարարությունում` շուրջ 140 քաղծառայողների շրջանում անցկացրել է հարցումներ:
«Եվ արդյունքները բավականին հետաքրքիր էին այն առումով, որ շատերը նույնիսկ չեն պատկերացնում, մի կողմ դրած, թե ինչքանով ճի՞շտ, սխա՞լ, կամ խեղաթյուրված են պատկերացնում շահերի բախումը, բայց նաև իրենց վարքագծային մոդելը հակասում է այս վարքագծի մոդելին, որը պետք է լինի այդ իրավիճակում: Այսինքն` հայտարարագրելու, թափանցիկության գործողությունների և այլն … սրանք չեն ընկալվում որպես ադեկվատ հայաստանյան իրականության համար»,- նշեց բանախոսը:
Սա, ըստ նրա, վկայում է այն մասին, որ նախ, կա խնդրի շատ ցածր իմացության ու ընկալման աստիճան, շատ պրոբլեմային է արժեքային մակարդակում այդ հասկացության ընկալումը: Այսինքն, շատ հաճախ, հարազատին, մոտիկին ինչ-որ գործընթացի մեջ ներգրավելը դիտվում է որպես դրական երևույթ. մարդիկ չեն գիտակցում, որ դա վատ է, սխալ կամ ոտնահարում է սոցիալական արդարության սկզբունքը:
Հիմնական խնդիրները, «Թրանսփարենսի ինթրնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանի տեղեկացմամբ, որ հայտնաբերվել են կոնկրետ վերաբերում են պետական կառույցներում անձանց էթիկայի հանձնաժողովներին, այն է, որ պարզվել է, որ դրանք համարյա չեն գործում, որովհետև չկան բողոքներ ու ուղեցույցներ:
«Անգամ չգիտեն` ինչով են զբաղվելու այդ մարմինները, որոշները անգամ մեզ պատասխաններում գրված չէ, որ նման հանձնաժողովներ կան, տեղյակ չեն … տոտալ իրազեկության պակաս ու անգործություն էթիկայի հանձնաժողովների»,-ասաց Սոնա Այվազյանը:
Ինչ վերաբերում է օրենսդրությանը, ապա հիմնական եզրակացությունն այն է, որ երկրում կան շատ լավ օրենքներ, ուղղակի դրանք չեն գործում:
Մոնիթորինգային ծրագիրն իրականացվում է ԵՄ ԱԼԳ և ԵՄ 4 երկրների համար ` Մոլդովա. Հայաստան, Ուկրաինա և Լեհաստան: Ծրագրի հիմնական բաղադրիչներն են` օրենսդրության ուսումնասիրություն, բարելավում և շահերի բախման վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացում: Ուսումնասիրության մեթոդաբանությունը հիմնված է Մոլդովայի «Թրանսփերենսի ինթերնեշնլ»-ի մեթոդաբանության վրա:










