Կարևոր չէ, որ ՀԷՑ-ը ռուսական ընկերությանն է. Մաքսիմ Սարգսյան

14:13 • 26.06.15

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ բողոքի ակցիայի մասնակիցները, գիշերը մնացողներ թիվը գնալով ավելանում է։ «Այսօր այստեղ հազարից ավելի մարդ է լուսացրել, ինչը ռեկորդային է, ինչպես նաև ռեկորդային է փողոցի փակման օրերի թիվը, դեռ նման նախադեպ չի եղել։ Դա նշանակում է, որ մարդիկ հետաքրքրություն ունեն խնդրի հանդեպ»,- ասաց նա։


Նա նշեց, որ իրենք նպատակադրված, ուղիղ գծով գնում ենք դեպի հաղթանակ, որը լինելու է ամսի 17-ին կայացրած ապօրինի որոշումը չեղարկելը։ «Հստակ պահանջ ունենք, Նախագահի համար շատ հեշտ լուծելի հարց է, եթե նա ցանկանա մի քանի րոպեի ընթացքում այս հարցը կլուծվի։ Կարևոր չէ, որ ՀԷՑ-ը ռուսական ընկերությանն է, այն կարող էր եվրոպական, ամերիկյան ընկերությանը լիներ, այստեղ խնդիրը մեր իշխանությունների ոչ պատշաճ վերահսկողությունն է։ Ես որևէ կերպ չեմ մեղադրում ռուսական ընկերությանը, դա կարող էր լինել նույնիսկ հայկական ընկերություն և աշխատեր ոչ արդյունավետ»,- ասաց նա։


Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին՝ նա ասաց, որ իրենց խնդիրը պայքարն է, ոչ թե ինչպես աշխարհը կարձագանքի։ «Այստեղ որևէ այլ բան չկա, սոցիալական խնդիր է»,- ասաց նա։