ԵՄ-ն Իտալիայում և Հունաստանում ներգաղթյալների գրանցման կետեր կստեղծի. Օլանդ

10:06 • 26.06.15

Եվրամիությունն Իտալիայում և Հունաստանում ներգաղթյալների գրանցման կետեր կստեղծի, որոնք թույլ կտան «ավելի լավ վերահսկել միգրացիոն իրավիճակը»: Այդ մասին ԵՄ գագաթաժողովի առաջին օրվա արդյունքներով հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

«Կստեղծվեն հատուկ կետեր, ներգաղթյալների վերահսկման համար գրանցման կենտրոններ։ Այն ներգաղթյալներին, որոնք հիմք չունեն Եվրոպայում գտնվելու համար, հայրենիք վերադարձնելու գործընթացի ակտիվացման վերաբերյալ որոշում է կայացվել: Բացի այդ, ԵՄ-ն հավելյալ օգնություն կտրամադրի Աֆրիկայի երկրների զարգացման համար, որպեսզի նվազեցնի միգրացիոն հոսքերը»,- ասել է Օլանդը:

 

Նա նաև հայտնել է, որ ԵՄ բոլոր երկրները պարտավորվել են Իտալիայից 40 հազար աֆրիկացի ներգաղթյալի տեղաբաշխել միության ողջ տարածքով:

 

«Երկրները պարտավորվել են կամավոր հիմունքներով լուրջ առաջարկներ ներկայացնել իրենց տարածքում ներգաղթյալների ընդունման վերաբերյալ»,- ասել է Օլանդը։