Ավելի քան 145 մարդ է մահացել սիրիական Քոբանիի վրա ԻՊ-ի հարձակման հետևանքով
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն ուրբաթ օրը՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ, հարձակվել են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Քոբանի քաղաքի վրա, հարձակումների զոհ է դարձել 146 մարդ: Այդ մասին հայտնում է մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոնը, գրում է ria.ru-ն։
Ria.ru-ի տեղեկություններով՝ ԻՊ-ի գրոհայինները հինգշաբթի օրը Էլ-Հասաքե շրջանից աջակցություն են ուղարկել Քոբանիի ուղղությամբ՝ «ենթադրաբար քաղաքի վրա երկրորդ՝ առավել զանգվածային հարձակման համար»:
Հինգշաբթի օրը «Ֆիրաթ» քրդական գործակալությունը հայտնել է, որ Թուրքիայի հետ սահմանին ահաբեկչությունից հետո ԻՊ-ի գրոհայինները սկսել են քաղաքի վրա հարձակումը՝ նախապես բնակելի թաղամասերը ռմբակոծման ենթարկելով։
Հաղորդվում է նաև, որ Սիրիայում ՄԱԿ-ի ներկայացուցչության զեկույցում նշվում է, որ Սիրիայի հյուսիս-արևելյան Էլ-Հասաքե քրդական խոշոր քաղաքը լքած քաղաքացիների թիվը մոտենում է 60 հազարի։










