Հայաստանում նման բան դեռ չէր եղել, որ խաղաղ պայմաններում հասնեն հաղթանակի. Արտյոմ Մարկոսյան (տեսանյութ)

11:28 • 28.06.15

Հաղորդավար, շոումեն Արտյոմ Մարկոսյանը, որ առավոտյան Բաղրամյան պողոտայում էր, Tert.am-ի հետ զրույցում խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնության և իշխանությունների արձագանքի մասին, ասաց, թե իր կարծիքով ինչ-որ մի պաշտոնատար անձ պետք է գա Բաղրամյան պողոտա և պաշտոնապես հայտարարություն անի:

 

Դիտարկմանը, թե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ցուցարարների մոտ արդեն հայտարարություն արել է՝ մեջբերելով Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, Արտյոմ Մարկոսյանն արձագանքեց. «Եթե դա կա, լավ է, բայց եթե հնարավոր է էլի պաշտոնատար մարդիկ գան, էլի թող ասեն: Ամենակարևորն այն է, որ այս իրավիճակում թույլ չտան պրովոկացիաներ, որ հանկարծ ինչ-որ բան չքաղաքականացվի: Դա ամենավտանգավոր բանն է, որովհետև նախագահի ու կառավարության կողմից արդեն ինչ-որ մի լուծում տրվել է»:

 

Արտյոմ Մարկոսյանն ասաց նաև, թե սա արդեն որոշակի հաղթանակ է:  «Այո՛, աննախադեպ է, որովհետև բոլորն էլ տեսնում են, որ այս պետությունում դեռևս այսպիսի բան՝ խաղաղ միջոցներով, երիտասարդության նախաձեռնությամբ  հասնել հաղթանակի, դեռևս չէր եղել: Այո՛, սա հաղթանակ է»,-հայտարարեց Արտյոմ Մարկոսյանը: