Հույն պատգամավորները դատարկել են խորհրդարանի բանկոմատները. ԶԼՄ-ներ

14:43 • 28.06.15

Հունաստանում պատգամավորները դատարկել են խորհրդարանի շենքի բանկոմատները, գումարները հանել շտապել են նաև իշխող «Սիրիզա» կուսակցության պատգամավորները, գրում է ria.ru-ն:
 

Հունաստանը և նրա վարկատուները արդեն մի քանի ամիս բանակցություններ են վարում երկրում բարեփոխումների ծրագրի և բյուջետային տնտեսության շուրջ: Համաձայնության գալու վերջնաժամկետը հունիսի 30-ն է: Այնուհետև վարկավորման ծրագիրը դադարելու է գործել, և մնացած գումարը Հունաստանն արդեն չի կարողանա ստանալ:


Հուլիսի 5-ին վարկատուների պահանջներն ընդունելու մասին հանրաքվե անցկացնելու մասին որոշումից հետո հույներն արդեն գիշերն սկսել են ակտիվ հանել իրենց գումարները հաշիվներից: Աթենքի կենտրոնում բանկոմատների մոտ հերթեր են գոյացել:


Շաբաթ օրը՝ օրվա առաջին կեսին, ԶԼՄ-ների տվյալներով հանվել է 400 միլիոն եվրո: Շատ բանկոմատներում գումարը սպառվել է:


«Անգամ Հունաստանի խորհրդարանում է տարածվել բանկային դեպոզիտներից զանգվածաբար գումարներ հանելու «վարակը»: Պատգամավորները և պաշտոնատար անձինք դատարկել են խորհրդարանում գտնվող Հունաստանի ազգային բանկի մասնաճյուղի երկու բանկոմատները»,- նշում է աղբյուրը։